Մոտ մեկ ամիս առաջ հրապարակվեց Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը. նա 14 տարի կանցկացնի բանտում' ըստ առաջադրված մեղադրանքի՝ ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:

 

Դատավճռի հրապարակումից հետո Սեդրակյանի պաշտպանության գործով զբաղվող «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ վճիռը կբողոքարկվի:

 

Lurer.com-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ բողոքարկման դիմումը դեռ պատրաստ չէ: «Գրում ենք», - ասաց Սիրունյանը:

 

Բողոքարկելուց հետո սպասվելիք արդյունքների մասին խոսելով' Վարդան Սեդրակյանի պաշտպանը նշեց. «Չգիտեմ: Իրոք չգիտեմ: Թող դատարանը որոշի: Ինչ ուզում են' որոշեն. կարևորը' արագ որոշեն, ինչ անում են»:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին 2013 թվականի մարտի 5-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով' նրա սպանությունը պատվիրելու համար, և նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ' նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

 

Պ. Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է 2013 թվականի հունվարի 31-ին' ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց. անհայտ անձը հրազենից կրակոցներ էր արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: