2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Արդարադատության խորհորդը, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշեց կարճել մինչ այդ նրա նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:

 

Ընդ որում, վարույթը կարճվեց ոչ թե կարգապահական կանոնների և դատավարական ակտերի խախտման բացակայության հիմքով, այլ' բոլորովին այլ պատճառաբանությամբ:

 

Դատավոր Ս. Արամյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել քաղաքացի Արմեն Հարությունյանի ներկայացուցիչ Անուշ Հարությունյանի 'Աարդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը:

 

06.05.2013թ նույն քաղաքացին հայցադիմում է ներկայացրել Դատարան' ընդդեմ Սոֆյա Նահապետյանի, Աննա Հարությունյանի' ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, միաժամանակ միջնորդելով արգելանք կիրառել վեճի առարկա Երևան քաղաքի Բաղրամյան 58 շենքի թիվ 52 բնակարանի վրա' արգելելով այն օտարել կամ կատարել որևէ այլ գործարքներ' մինչև գործի ավարտը:

 

07.05.2013թ Ս. Արամյանի նախագահությամբ կայացած դատական նիստում կայացված որոշմամբ հայցը բավարարվել էր:

 

Սակայն, պատասխանող կողմը հակընդեմ հայցով դարձյալ դիմել էր դատարան' պահանջելով վերացնել բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքը:

 

13.06.2013թ. դատարանը բավարարվել էր նաև այս միջնորդությունը և վերացրել իր նախորդ որոշմամբ կիրառված արգելանքը:

 

Մեկ շաբաթ անց նորից դատարան էր դիմել հայցվոր կողմը' դարձյալ խնդրելով կիրառել արգելանքի միջոցներ: Դատարանը հիմա էլ այս միջնորդությունը բավարարելու որոշում էր կայացրել: Փաստորեն, դատարանը' նոււյն դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ, մի քանի անգամ ինքն իր որոշումներին հակասող որոշումներ էր կայացրել:

 

Այս հարցը նախ քննվել էր Կարգապահական հանձնաժողովում, որն իր կայացրած եզրակացության մեջ արձանագրել էր. «Դատարանի կողմից կայացված դատական ակտերում չեն նշվել բավարար պատճառաբանություններ' իր իսկ կողմից արված նույնանման եզրահանգումների մասին, մասնավորապես այն, թե ինչ հանգամանքներ են փոխվել կամ վրա հասել հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը բավարարելուց հետո, որի արդյունքում վերացվել է արդեն իսկ կիրառված արգելանքը, կամ արգելանքը վերացվելուց հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում ինչ հանգամանքներ են փոխվել կամ վրա հասել' կրկին նույն հայցի ապահովման միջոցը կիրառելու համար, որի արդյունքում կայացվել է իրավական հիմնավորումներից զուրկ' չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտ»:

 

Ի դեպ, ուշագրավ մի հանգամանք ևս. հայցի ապահովումը փոփոխելու մասին 01.07.2013թ. միջնորդությունը Դատարանը քննարկել և որոշում է կայացրել այն ստանալու օրը' առանց դատական նիստ հրավիրելու:

 

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով, այն է' միջնորդությունը ստանալուց հետո' տասնօրյա ժամկետում, դատական նիստում, որի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են:

 

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը իր կայացրած որոշմամբ փաստել էր, որ դատավոր Ս. Արամյանի կողմից թույլ են տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

 

05.11.2010թ դատավոր Սարիբեկ Արամյանի կողմից ցուցաբերած կամայական մոտեցման մասին իր իրավական դիրքորոշումը կարգապահական հանձնաժողովը հայտնել էր արդեն Արդարադատության խորհուրդին, եզրակացնելով. «չհիմնավորված և չպատճառաբանված կերպով հայցի ապահովման միջոց կիրառելով, վերացնելով, կրկին կիրառելով և այնուհետև կիրառված հայցի ապահովմամ միջոցը փոփոխելով' դատավորը նույն գործով իրավական նորմերի կիրառման և դրանց իրավական գնահատման հետ կապված դրսևորել է կամայական մոտեցում»:

 

30.08.2013թ. հրավիրված նիստում Արդարադատության խորհուրդը, քննելով Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը, որոշել էր այն հետաձգել մինչև սեպտեմբերի 20-ը, քանի որ նշված ժամանակահատվածում դատավոր Արամյանը գտնվել է արձակուրդում:

 

Բայց նշանակված նիստից մեկ օր առաջ' սեպտեմբերի 19-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվեցին Ս.Արամյանի լիազորությունները' պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:

 

Հենց սա էլ հիմք ընդունելով' Արդարադատության Խորհուրդը որոշեց կարճել դատավոր Սարիբեկ Արամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:







«Փաստինֆո»