«Յուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ' խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր: Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին' Արուսյակ Փափազյանը»:

 

Հենրիկ Հովհաննիսյան

 

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թ. Կ. Պոլսի Գում – Գափու թաղամասում: Իսկական անունը Մարիամ էր: Երեք տարի հետո' 1844 թ. ծնվում է Արուսյակի կրտսեր քույրը' Աղավնին: Արուսյակի հայրը աշխատում էր պետական մաքսատանը, որը գտնվում էր Մկրտիչ ամիրա Ճեզայիրլյանի ղեկավարության տակ: Մ. Ճեզայիրլյանի կինը' Սրբուհին, իր խնամակալության տակ է վերցնում Արուսյակի դաստիարակության գործը և միջնորդում է, որպեսզի նա ընդունվի Խասըգյուղի Ներսիսյան դպրոցը:
Արուսյակի դպրոցական կյանքի համեմատաբար նպաստավոր այս օրերին Ճեզայիրլյան ամիրայի գործերը վատ են ընթանում: Ճեզայիրլյանը մեղադրվում է զեղծարարության մեջ, զրկվում ամեն ինչից: Փողոց է նետվում նրա մոտ աշխատող Արուսյակի հայրը: Ընտանիքն ստիպված է լինում թողնել Գում-Գափուի բարեկեցիկ տունը և տեղափոխվել մեկ այլ թաղամաս' Պեպեք: 11- ամյա Արուսյակը կրտսեր քրոջ' Աղավնու հետ երեք տարի ուսանում է Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում, ապա հեռանում այնտեղից, դժգոհ լինելով կաթոլիկ միանձնուհի դաստիարակների դաժանությունից, փարիսեցությունից, անմաքուր բարքերից …
Այդ դպրոցից հեռանալուց հետո Փափազյանների ընտանիքը հարկադրված է լինում դեռևս 14 տարեկան Արուսյակի համար աշխատանք ճարել, որպեսզի նա կարողանա թեթևացնել ընտանիքի հոգսը: Ծանոթների միջամտությամբ նրան ուսուցչական պաշտոն է տրվում Ենի -Գափուի Հայկանուշյան դպրոցում, որտեղ նա իր աշակերտուհիներին սովորեցնում է ընթերցանություն, քերականություն և ձեռագործ:
Այս պաշտոնում գտնված տարիներին է, որ Արուսյակը ծանոթանում և կապեր է հաստատում հայ թատրոնի սկզբնավորման համար աշխատող մարդկանց հետ: 1858 թ. տասնյոթամյա օրիորդը հաղթահարելով ընտանեկան արգելքները, մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը:
1861 թվականի վերջը դարձավ հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի' «Արևելյան թատրոնի» հիմնադրման տարեթիվը: Դեկտեմբերի 14-ին թատրոնը ներկայացնում է Ռոթայի «Երկու հիսնապետ» մելոդրամը' Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ: Ներկայացմանը մասնակցում են նաև Արուսյակ և Աղավնի քույրերը: Այդ երջանկահիշատակ օրվա հյուր հայ մեծ գրող Միքայել Նալբանդյանը ողջույնի ճառ է ասում, որը հետո լույս է ընծայվում «Մեղու» պարբերականում' «Թատրոնը Պոլսո մեջ» խորագրով: Նալբանդյանի հոդվածը մի ծրագիր էր ժողովրդական թատրոնի զարգացման համար, միաժամանակ Արուսյակ և Աղավնի Փափազյան քույրերի բեմական գործունեության առաջին գնահատականը: «Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա: Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան: Կեցցե՛ն», - գրել է Մ. Նալբանդյանը:
Արուսյակը ոչ միայն հայ, այլ նաև օտարալեզու մամուլի դրվատանքին է արժանացել: Պոլսի ֆրանսիական լրագրերից մեկում Արուսյակին անվանել են «հայկական Մարս»: Արուսյակը շատ շուտ սեր և ճանաչում ձեռք բերեց, իսկ նրա ներկայությունը կամ մասնակցությունը որևէ միջոցառման գրեթե նշանակալի երևույթ է համարվել: Արուսյակի արարքներին տրվել է հատուկ նշանակություն: Նա իր անձով ու ներկայությամբ ոգեշնչումն է եղել թատերագիրների համար: Նրան են նկատի ունեցել ժամանակակից թատերագիրներն' իրենց կանացի հերոսուհիներին կերտելիս:
Արուսյակի խաղը հանդիսատեսին մղել է բանաստեղծելու: Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ’Արկը … Մարդիկ նրա հետ կապել ու փայփայել են այնպիսի իղձեր, ինչպիսիք ֆրանսիական ժողովուրդը կապում է սրբացած գեղջկուհու հետ …
Իզմիրը Պոլսից հետո Թուրքիայի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոնն էր:
1863 թ. աշնանը' «Արևելյան թատրոնի» կազմալուծումից հետո նրա աչքի ընկնող ուժերից Ստ. Էքշյանը, Արուսյակ և Աղավնի Փափազյանները, Հովհաննես Աճեմյանը, Դավիթ Թրյանցը, Թովմաս Ֆասուլաճյանը և ուրիշներ գնում են Իզմիր' մեծ խաղացանկով:
Թատերաշրջանը սկսվում է 1863 թվականի դեկտեմբեր ամսի վերջերին: Իզմիրի հասարակությունը առաջին անգամ էր, որ բեմում տեսնում էր Արուսյակ և Աղավնի Փափազյան քույրերի խաղը, որոնց մասին այնքան դրվատական հոդվածներ էր կարդացել Պոլսի հայկական, հունական, ֆրանսիական մամուլի էջերում: Փափազյան քույրերը նույնպիսի տպավորություն են թողնում Իզմիրի հանդիսականների վրա:
1864 թ. հունվարի 24-ին Էքշյանի խումբը ի նպաստ Արուսյակ Փափազյանի բեմադրում է «Տառապյալ մայրը» պիեսը, որտեղ գլխավոր դերը կատարում է Արուսյակը, ով այդ օրը ոչ միայն ստանում է բազմաթիվ թանկարժեք նվերներ, ծաղկեպսակներ, այլև ծաղկեպսակներին կապված աղավնիներ, որը բացառիկ երևույթ էր և կատարվում էր արտակարգ դեպքերում: Իսկ ներկայացումից հետո, երբ Արուսյակը արտասանում է իր շնորհակալության ճառը, որից հետո ծափահարությունների տարափի մեջ թատրոնում բաց են թողնում աղավնիներ, իսկ օթյակներից ձյան փաթիլների նման ցած են սահում Արուսյակ Փափազյանին նվիրված ոտանավորներ պարունակող թերթիկներ: Ժամանակի մամուլում պահպանվել է դրանցից մեկը միայն, որը, չնայած իր պարզունակ կառուցվածքին և գեղարվեստական արժեքի թուլությանը, այնուամենայնիվ ցույց է, որ հայ հասարակությունը Արուսյակի անվան հետ է կապել ազգային թատրոնի բախտն ու ապագան:
Մեջ ենք բերում այդ ոտանավորն ամբողջությամբ.

 

Թատերական երկնից մեջտեղ,
Ո՜ Արուսյակ, շողշողավոր,
Զմյուռնիո մեջ փայլի աստեղ.
Այդ պարպեր փայլն արհեստավոր,
Զմյուռնացիքս զքեզ տեսան
Որ շատոնց է կբաղձային,
Եվ շնորհացդ զմայլեցան
Որ միակ ես աննման ազգին:

 

Դուն որ դերիդ շնորհք տալ գիտես,
Ո քաջ գուսանդ ավագունի.
Գովեստ, պսակ, ծափք, շատ քիչ են քեզ.
Քեզ բան մըն ալ թող չի պակսի,
Կեցցես աստղդ թատերական,
Կեցցես, կեցցես, ազգին պարծանք.
Որ պատվեցիր զՎասպուրականն,
Անմահ անվանդ այժմ փառք կուտանք:

 

Արուսյակ Փափազյանի խաղով հիանում են բոլորը: Սիրավառ երիտասարդները, ովքեր հմայված էին ոչ միայն նրա բեմական տվյալներով, այլև գեղեցկությամբ' պտտվում են օրիորդի շուրջը: Շատերը հայտնում են իրենց զգացումները, որոնց Արուսյակը պատասխանում է մերժումով: Միայն նրանցից մեկն է, որ իր սիրո արձագանքն է գտնում արտիստուհու սրտում: Այդ' նկարիչ Սոփոն Պեզիճյանն էր, որը եկել էր Իզմիր հայոց եկեղեցու նկարները նորոգելու: Նա հիանում է Արուսյակի խաղով, իսկ Արուսյակն էլ' նրա նկարներով: Փոխադարձ համակրանքը հանգում է համաձայնության և նրանք ամուսնանում են:

 

Արուսյակ Փափազյանի ամուսնության և Ս. Փրկչի ազգային անկելանոցում միայնակ ու մոռացված մահվան մասին' հաջորդիվ: