Պայմանագրային զինծառայող, դիպուկահար Մարիամ Գևորգյանը 2010-ից ծառայում է Հայոց բանակում: Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ դիպուկահար դառնալու մասին երազել է դեռ փոքրուց: Իր մասնագիտությունը գնահատում է որպես դժվար, բայց միաժամանակ շատ հետաքրքիր:

 

«Շատ դժվար մասնագիտություն է, հատկապես' աղջկա համար: Հաճախակի գնում ենք քայլերթերի, լեռնային ուսումնավարժանքների, զորավարժությունների և այլն: Չգիտեմ, մինչև վերջ կծառայեմ, թե՝ ոչ, բայց հուսամ էդպես էլ կլինի»,- ասաց նա:

 

Մարիամ Գևորգյանը պատմեց, որ թեև ծնվել ու մեծացել է Երևանում, սակայն ներկայումս կյանքի մեծ մասն անցկացնում է մարզերում:

 

«Սահմանային գոտուց նոր եմ եկել, մի անգամ եմ մասնակցել մարտական գործողությունների: Աշնանն էր, ծնունդիս հաջորդ օրը գնացինք Ղարաբաղ ու պետք է պաշտպանեինք մեր հայրենիքը: Հոգեբանական շատ մեծ դժվարություններ ունեի, որովհետև չէի պատկերացնում, թե ոնց եմ կրակելու մարդու վրա: Բայց հակառակորդը մնում է հակառակորդ, հենց դա ենք մեզ ներշնչում, ու եթե հրաման է լինում' չկատարել չես կարող»,- պատմեց կին դիպուկահարը և ընդգծեց, որ առաջին հերթին կրակում է, քանի որ պաշտպանում է հայրենիքը, իսկ երկրորդ՝ եթե ինքը չկրակի, իր վրա կկրակեն:

 

Հարցին, թե ինչ վերաբերմունքի է արժանանում շրջապատում հատկապես' տղաների կողմից, պատասխանեց. «Շատ մարդիկ զարմանում են միայն նրանից, որ համազգեստով աղջիկներ կան, իսկ իմ դեպքում' ավելի շատ, քանի որ դիպուկահար եմ: Շատերն էլ հպարտությամբ են նայում, որ բանակում կանայք ու աղջիկներ կան: Բայց շրջապատի տղաները ինձնից մի քիչ վախենում են»:

 

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Մարիամ Գևորգյանը պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով, որը, ինչպես բնութագրեց Մարիամը, շնորհվեց հակառակորդին դիպուկ կրակելու համար: