Երեկ տեղեկացա, որ Սինեմա Սթար Դալմա Գարդենը հրաժարվել է աղմուկ հանած «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից: Հերթական անգամ գեղցիական վայվլոցը, քիթը իրենց չվերաբերող հարցերի մեջ խոթողների երկարափեշ, բարոյախրատ ճղճղոցը դարձավ հասարակական կարծիքի իմիտացիա: Տարիներ առաջ, կարծես «Երևան կինոթատրոնում», հատուկ ժամերի ցուցադրվում էին ֆիլմեր մեծահասակների համար: Մարդը ինքն էր որոշում' գնալ այդ կինոթատրոն, թե չգնալ, և որևէ մեկի նախասիրությունը առանձնապես չէր հետաքրքրում հասարակության լայն խավերին:

 

Ֆեյսբուքյան հարթակը լայն հնարավորություն տվեց ամեն ինչի մեջ կարկառուն երևալու մարմաջով տարված որոշ քոմենթչիների` աղաղակել ամեն ինչի մասին, խցկել ազգայինը այնտեղ, որտեղ այն ավելորդ է, լալահառաչ եզրակացություններ անել այն ամենի մասին, ինչին իրենց ուղեղը ընկալունակ չէ, և յուրաքանչյուր հարցի շուրջ ֆեյսբուքում շաղ տալ իրենց ողբանվագ ճամարտակությունները' ստեղծելով աղմուկի տպավորություն:

 

Նույնը չարաբաստիկ ֆիլմի պարագայում: Ով ցանկանում է դիտել, ով չի խորշում արվեստի այդ տեսակից, գնում է տոմսը ԻՐ, բացառապես ԻՐ միջոցներով, դիտում է ֆիլմը, տառփանք է ապրում կամ չի ապրում, տառփանք ապրելու դեպքում կեղտոտում է բացառապես ԻՐ սպիտակեղենը' չանելով որևէ հակահասարակական, մեզանից որևէ մեկին խանգարող, համակեցության կանոնները խախտող արարք: Ով չի ցանկանում հետևել արվեստի այդ տեսակին' ՉԻ գնում տոմսը, ՉԻ ծախսում գումար և ՉԻ կեղտոտում իր սպիտակեղենը: Երկու դեպքում էլ չեն խախտվում համակեցության կանոնները: Երկու դեպքում էլ պաթետիկ ապուշություններ դուրս տալու կարիք չկա: Երկու դեպքում էլ մարդը ապրում է այնպես, ինչպես ցանկանում է' չնչին վնաս անգամ չտալով հասարակությանը:

 

Եվ ընդհանրապես, ժամանակն է ապրելու համացանցից դուրս, առանց աղմկոտ, անիմաստ, գարշահոտ քոմենթչիների: Վերջերս մի անեկդոտ լսեցի' ֆեյսբուքյան գրառման տեսքով' երկու ժամով ինտերնետս անջատել էին, տնեցիքի հետ շփվեցի: Պարզվեց' շատ նորմալ, կարգին մարդիկ են...

 

 

Վարուժան Բաբաջանյան