Հետաքրքիր փաստ է' մի քանի օր առաջ հանրապետական մամուլում մի հրապարակում էր եղել, որում թունոտ անդրադարձ կար ԵԿՄ վարչության նախագահի հասցեին: Կատարվածն իբրև անձնական վիրավորանք են ընդունել ԵԿՄ բազմահազար անդամներ, զոհվածների հարազատներ, մտավորականներ, ովքեր, իրար հերթ չտալով, կամենում են խոսք ասել փաստի առթիվ:

 

Այսօր ևս մի քանի նման արձագանք ունենք: Նախ անչափ զայրացած է Արցախյան պատերազմի հերոսներից Աֆոն' Ալֆրեդ Ներսիսյանը: Հրապարակման մեջ մարտական ընկերների հարաբերությունների մեջ սեպ խրելու փորձ էր արված: Այլ քաջ տղաների կողքին նշվել էր նաև Աֆոյի անունը: Աֆոն Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ Մանվել Գրիգորյանին անչափ հարգում է, համարում է, որ Արցախյան պատերազմի հաղթանակում ամենածանրակշիռ մասնակցություն է ունեցել գեներալը: Նա ասաց, որ գեներալին վարկաբեկելու փորձը հայ ժողովրդին վարկաբեկելու փորձ է, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած կառույցը վարկաբեկելու փորձ: Իսկ Մանվել Գրիգորյանը իրեն գերադասո՞ւմ է ձեզանից կամ այլ հրամանատարներից, ինչպես հրապարակման մեջ էր նշվում: Մեր այս հարցին Աֆոն պատասխանեց. «Գեներալը երբեք իրեն ոչ մեկից չի գերադասել, բայց մենք ենք իրեն բոլորիցս գերադասում, որովհետև ռազմի դաշտում նրա արածը ոչ ոք չի արել»:

 

Գեներալի հասցեին հնչած խոսքը վիրավորել է նաև պատանի և երիտասարդ երկրապահներին: Պատանիներից Էմիլն, օրինակ, մեծավարի ջղայնության նշաններ ցույց տալով, պնդում էր, որ ինքն ու իր ընկերները Մանվել Գրիգորյանի և նման հերոսների օրինակով են դաստիարակվում, հպարտ են, որ շփվում են կենդանի լեգենդի հետ: Պատանին համոզված է, որ Երկրապահի հասցեին վատ բաներ ասողը հայ ազգի թշնամի է: Թեման զարգացնում է երիտասարդ երկրապահներից Սոնա Վարդանյանը. «Զորավար Մանվել Գրիգորյանը սոսկ անհատ չէ: Նա մարմնավորումն է տասնյակհազարավոր երկրապահների, հազարավոր զոհվածների, պատանի և երիտասարդ սերունդների: Մանվել Գրիգորյանը հաղթանակի խորհրդանիշ է եղել պատերազմի ժամանակ, անկախության խորհրդանիշ է այսօր: Նրան վարկաբեկել փորձողն ընդամենը խղճուկ գործիք է հայ ազգի թշնամիների ձեռքին: Նշեմ միայն, որ հողմերը կգան ու կգնան, լեռը միշտ կա անսասան»:

 

Պատանիներն ու երիտասարդներն անթույլատրելի են համարում պատերազմի հերոսներին իրարից բաժանելու փորձերը, նշում են, որ ոչ ոք իրենց հայրերին միմյանց դեմ հանելու փորձերի իրավունք չունի: Երիտասարդ սերունդի երկրապահ ներկայացուցիչները պնդում են, որ լավ գիտեն, թե ում հետևից գնան, ում օրինակն աչքի առաջ ունենան: