Հույն ուղղափառ եկեղեցու երիտասարդությունը հունիսի 20-ին, Քեսաբի հայ Կաթողիկե եկեղեցում բոլոր ընտանիքներին օգնության փաթեթներ կբաժանի: Այս մասին տեղեկացրել է Քեսաբի Կաթողիկե եկեղեցու վարդապետ տեր հայր Նարեկ Լուիսյանը: Օգնության փաթեթների մեջ ընդգրկված են անհրաժեշտ տարբեր պարագաներ, խոհանոցային իրեր: Փաթեթներ ստանալու համար անհրաժեշտ են ընտանեկան կամ անձնական փաստաթղթեր: Վարդապետը խորին շնորհակալություն է հայտնել և բարի վերադարձ մաղթել քեսաբցիներին:

 

Քեսաբի բնակիչները շարունակում են վերադառնալ հայրենի տներ: Ավելի վաղ Սիրիայի Էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Քեսաբում վերականգնվում է էլեկտրականությունը:

 

Սիրիական բանակը հունիսի 15-ին հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թուրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:

 

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը հայտարարել է, որ Քեսաբի 250 գաղթած ընտանիքներ արդեն վերադարձել են քաղաք, իսկ մյուսները սպասում են հիմնական ծառայությունների վերականգնվելուն, որպեսզի վերադառնան քաղաք: