Քեսաբում 205 ընտանիքներ ստացել են Կարմիր Մահիկի սիրիական կազմակերպության օգնության փաթեթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանը՝ նշելով, որ օգնության փաթեթներում ընդգրկվել են տարբեր մթերքներ: Վարդապետը նաև նշել է, որ հուլիսի 6-ին քեսաբի Հայ Կաթողիկե Սբ Միքայել եկեղեցում հոգեհանգստյան արարողություն է տեղի ունեցել սիրիական բանակի, Քեսաբի հայ և բոլոր նահատակների համար:

 

Ավելի վաղ քեսաբահայ Կարո Մանճիկյանը նշել էր, որ Քեսաբին հատկացված օժանդակությունները սկսվել են բաժանվել բնակիչներին: Առաջին նպաստները կտրամադրվեն տների վերականգնման տարբեր աշխատանքների համար: Այնուհետև հաջորդ օժանդակությունը կհատկացվի գյուղատենտեսության, արհեստանոցների վերականգնման, անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար:

 

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության վնասներ են կրել: Նրանցից որոշները անբնակելի են, որոշները հրկիզված, թալանված և կողոպտված են, մյուսները փոքր վնասներ են կրել:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: