Դամասկոսի Շտապ օգնության մարմինն իր օժանդակությունների ծրագրերի շրջանակներում նախաձեռնել է ամանորյա նվերներ բաժանել Դամասկոսի հայ աշակերտներին:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Նվերների բաշխումը տեղի է ունեցել Դամասկոսի ազգային առաջնորդարանում: Դամասկոսի Շտապ օգնության մարմնի անդամները, առաջնորդ գերշ. Տեր Արմաշ Եպս. Նալբանդյանի գլխավորությամբ դպրոցականներին են բաժանել գեղեցիկ նվերներ:

 

Դամասկոսում գործում են հայկական 5 վարժարաններ: Նվերները պատրաստվել էին Դամասկոսի բոլոր հայկական վարժարանների համար անխտիր:

 

Հայ Կաթողիկե վարժարանին հատկացված նվերները կբաժանվեն Հայ Կաթողիկե առաջնորդարանում:

 

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 24-ին, Դամասկոսի ազգային սուրբ Թարգմանչաց մանկապարտեզի սաները դիմավորել են Ձմեռ պապին: Ամանորյա միջոցառմանը ներկա էր նաև Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Եպս Նալբանդյանը: