Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ խորհրդակցությունների' Եվրամիության հետ ասոցացման համատեքստում տնտեսական ադապտացիայի համար: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը' խոսելով Եվրասոցացումից հետո Ռուսաստանի և այդ պետությունների հարաբերությունների մասին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը իրավիճակը դիտարկում է մի տեսանկյունից' որքան կվատանան Ռուսաստանի և ԱՊՀ ազատ առևտրի գոտու մյուս երկրների համար առևտրային պայմանները:

 

«Ներկայումս մեր նպատակը չէ հասկանալ, թե ինչ օգուտներ են քաղելու մեր գործընկեր պետություններն այս գործընթացից և փորձել վրժխնդիր լինելու համար սահմանափակումներ ստեղծել: Բոլորովին ոչ: Մենք այս իրավիճակին նայում ենք առկա միակ տեսանկյունից' կվատթարանա՞ն արդյոք Ռուսաստանի և ԱՊՀ ազատ առևտրի գոտու անդամ երկրների առևտրային պայմանները: Իհարկե, առաջին հերթին մեզ անհանգստացնում են Ռուսաստանի և Մաքսային միության անդամ երկրների' Ղազախսատնի և Բելառուսի շահերը»,-ասել է նա:

 

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունենան: «Հետաքրքրված ենք, որ Եվրամիությունը լավ հարաբերություներ ունենա ԱՄՆ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և այլ պետությունների հետ, սակայն որոշումները կայացնի ինքնուրույնաբար»,- շեշտել է նա:

 

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հունիսի 27-ին ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում Է այդ երկրների մուտքը ԵՄ-ի ազատ առեւտրի գոտի: