«Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը»։ Այս մասին News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմից։ Հենց դա է անում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ։
Այդ խումբը իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների։ Այսպիսով, 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման շուրջ։ Մենք գրեթե հասել ենք համապարփակ, հավասարակշռված համաձայնության։ Սակայն գործընթացը կանգ է առել ոչ մեր մեղքով։ Արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշեց սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ:
Մենք անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Գալուզինը։