Շիրակի թեմի Սբ Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատը» մեծ խանդավառությամբ շարունակում է իր առաքելությունը: Դեռ մեկ ամիս չի անցել այն օրվանից, որ ջոկատը հայտարարեց «1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ» երկրորդ ծրագրի մեկնարկի մասին, բայց արդեն հաջողվել է հավաքագրել 3 հազար ԱՄՆ դոլար գումար:
Սա ջոկատի նմանատիպ արդեն երկրորդ նախաձեռնությունն է. 2013 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, ծրագրի առաջին փուլի շրջանակներում, տպագրվել է 15 հազար օրինակ բացիկ: Երկրորդ ծրագրի շրջանակներում տպագրվել է 13 հազար բացիկ, ևս հազարը տպագրատունն իր կողմից է տրամադրել ջոկատին: Ինչպես նախորդ ծրագրի ժամանակ, այս անգամ ևս 1 բացիկը կիրացվի 400 դրամ արժեքով:
«1 ԲԱՑԻԿ = 1 ԲՆԱԿԱՐԱՆ» առաջին ծրագրի շրջանակներում բացիկների վաճառքից ստացված հասույթով ջոկատը գնեց բնակարան Ալեքսանյանների անօթևան ընտանիքի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ջոկատի հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը, ինչպես նախորդ, այդպես էլ այս ծրագրի նպատակը 1988 թ. աղետալի երկրաշարժից տուժած մեկ անօթևան ընտանիքի բնակարանով ապահովելն է:
«Ջոկատին հաջողվել է վաճառքի նպատակով բացիկներն ամբողջությամբ բաշխել: Ի դեպ, ջոկատը չի սահմանափակվում միայն Գյումրիով և Հայաստանի մյուս բնակավայրերով, այս անգամ փորձ է արվում բացիկներն իրացնել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ջոկատի անդամների համար կարևոր է յուրաքանչյուր 1 բացիկի գնորդ, ուստի, նախաձեռնության նպատակը ոչ միայն ծրագրի ավարտին 1 անօթևան ընտանքի բնակարանով ապահովելն է, այլ նաև ավելի շատ մարդ այս նախաձեռնության մեջ ներգարվվելը»,-նշեց Գայանե Ավետիսյանը:
Ի դեպ, ծրագրին արդեն միացել է Գյումրու քաղաքապետարանը, Գյումրու Ռոտարի ակումբը, World vision Գյումրու տարածքային զարգացման ծրագիրը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, Երեխաների խնամքի թիվ 1 գիշերօթիկը և շատ այլ կառույցներ ու անհատներ: Ակցիայի առաջին իսկ օրվանից ջոկատի կողքին է եղել նաև «Անի» ֆոտոծառայությունը: «Համոզված ենք, որ մեզ միացող կառույցների ու անհատների թիվը գնալով կավելանա»,-ավելացրեց Գայանե Ավետիսյանը՝ կոչ անելով բոլորին միանալ նախաձեռնությանը:
Արմենուհի Մխոյան