ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ համաշխարհային կազմակերպության գլխավոր գործակալությունների ղեկավարները ինտերնետ-օգտատերերին հրավիրել են մասնակցել Սիրիայի արյունահեղ հակամարտությամ չորրորդ տարելիցին նվիրված նոր արշավին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ակցիան, որն ստացել է «Ի՞նչ է հարկավոր ան ել» (What Does It Take?) անվանումը, ընթանում է Facebook, Twitter եւ Instagram սոցիալական ցանցերում:

 

«Բավակա՛ն է» անվանումը կրող համանման արշավը տեղի է ունեցել 2013 թվականին, եւ դրան մասնակցել են միլիոնավոր ինտերնետ-օգտատերեր: ՄԱԿ-ում խոստովանում են, որ այն մեծ հաջողություն չունեցավ. Սիրիայում հակամարտությունը շարունակվում է: Այդուհանդերձ, համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, սոցիալական ցանցերում նկատելիորեն աճեց ուշադրությունը այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

 

«2013 թվականին ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները «Բավակա՛ն է» ասացին Սիրիայի ճգնաժամին: Բայց այն շարունակվում է: Մարտի 15-ին կսկսվի ճգնաժամի հինգերորդ տարվա հաշվարկը: Դրա վերջը չի երեւում, եւ մենք հարց ենք տալիս՝ ինչ է հարկավոր անել, որպեսզի նրանք, ովքեր քաղաքական ազդեցություն ունեն, վերջ դնեն այդ անիմաստ տառապանքներին»,- ասված է ակցիայի պաշտոնական կայքում:

 

Ակցիային միանալու համար պետք Է լուսանկարվել՝ «Ի՞նչ է հարկավոր անել» պլակատը ձեռքին եւ լուսանկարը հրապարակել սոցիալական ցանցերից մեկում՝ հավելելով #WhatDoesItTake հեշթեգը եւ Սիրիայի ժողովրդի հետ համերաշխության կարճ ուղերձ:

 

Նման առաջին գրություններից մեկը հայտնվել է Twitter-ում ՄԱԿ-ի պաշտոնական միկրոբլոգում. «Ահավոր տառապանքները շարունակվում են արդեն չորս տարի: Ի՞նչ է հարկավոր անել Սիրիայում բռնությանը վերջ դնելու համար»: Իրենց լուսանկարները հրապարակել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հումանիտար գործողությունների հարցերով նրա տեղակալ Վալերի Ամոսը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գլխավոր տնօրեն Էնթոնի Լեյքը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չենը, ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան եւ ու րիշ շատ աշխատակիցներ:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հայտարարելով ակցիայի սկսվելու մասին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ դրա նպատակը «սիրիական ժողովրդին համերաշխության ուղերձ հղելն է, որպեսզի նա չհանձնվի»:

 

Պան Գի Մունը մարտի 12-ին հայտարարություն է արել Սիրիայում հակամարտության չորրորդ տարելիցի կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ երկիրը կանգնած է «լիակատար կործանման» եզրին: Նա կոչ է արել Անվտանգության խորհրդին՝ վճռական քայլեր ձեռնարկել արյուհաեղությունը դադարեցնելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ հակամարտության զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ, եւս 11,5 միլիոնից ավելի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: