ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մրցույթ  է հայտարարել մարդու իրավունքների ասպարեզում ՄԱԿ-ի գործունեության լավագույն, արհեստավարժ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղթողները մրցանակներ ու հավաստագրեր կստանան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը:


Լրագրողական նյութերը կարող են վերաբերել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման վիճակին, Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանի ներկայացրած և պատրաստվող զեկույցներին, Հայաստանում գործող ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների՝ մարդու իրավունքներին առնչվող ծրագրերին:

 

Մրցույթին մասնակցելու կարգը

2014-ի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի գրասենյակն ընդունելու է Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց լրատվամիջոցների անհատ լրագրողների (ՀՀ քաղաքացի հանդիսացող) լրագրողական նյութերը` բոլոր ձևաչափերով: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում տեղակայված լինեն 2014 թվականի ընթացքում:  

 

Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում տպագրված հոդվածի կրկնօրինակը, հեռարձակված տեսանյութի խտասկավառակը՝ հեռուստաալիքի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL) կամ էկրանի ճեպապատկերը (screenshot): Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ, որոնք կարող են լինել հայերենով, ռուսերենով և անգլերենով: Հանձնված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:

 

Ինչպե՞ս պետք է ներկայացնել լրագրողական նյութերը

Մրցույթին մասնակցել ցանկացող լրագրողները պետք է նյութերն ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին` «2014 թ. ՄԱԿ-ի  լրագրողական մրցույթ» վերնագրով, կամ  սովորական փոստով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն՝ «ՄԱԿ-ի 2014 թ. լրագրողական մրցույթ» նշումով (հասցեն՝ ՀՀ, Երևան 0010, Պետրոս Ադամյան 14, ՄԱԿ-ի գրասենյակ), կամ էլ ներկայանալ վերը նշված հասցեով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն:

 

Կարևոր մանրամասներ

Դիմողները պետք է ապահովեն լուսանկարների թվային բարձր խտություն (նվազագույնը՝ 300 dpi), իսկ տեսանյութերը ներկայացնել լայն տարածում ունեցող ձևաչափերից մեկով (avi, mp4, mpg, wmv): ՄԱԿ-ի լրագրողական մրցույթի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում դրանք պետք է ուղարկել  [email protected] հասցեով կամ զանգահարել 560212:

 

Մրցութային հանձնաժողով

Մրցութային հանձնաժողովը բաղկացած է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, հիմնադրամները և ծրագրերը: Մրցութային հանձնաժողովի անդամների մասնագիտական կարծիքների հիման վրա կորոշվեն այն չափանիշները, որոնցով կգնահատվի աշխատանքի «լավագույն, արհեստավարժ և անկողմնակալ» լինելը: