«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերջին օրերին բունմար ցեղախմբի շուրջ 500 անդամի է սպանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նշել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր, բունմար ցեղախմբի շեյխ Ղազի ալ Կաուդը՝ ավելացնելով, որ հարյուրավոր երիտասարդների ճակատագիրն անհայտ է, միևնույն ժամանակ շարունակվում են առևանգման գործողությունները: Նրա խոսքով' բունմար ցեղախումբն աջակցություն չի ստանում ոչ մի կողմից, այդ թվում՝ կառավարությունից:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 1-ին ԻՊ-ն բունմար ցեղախմբի 85 անդամի է սպանել: Անբար մարզում բունմար ցեղախումը մի քանի շաբաթ առաջ հայտնվել էր շրջափակման մեջ: ԻՊ-ի բռնությունները ցեղախմբի դեմ սկսվել են նախորդ շաբաթվանից, մահապատժի է ենթարկվել ավելի քան 300 մարդ:
Չնայած ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի օդային հարվածներին, կազմակերպության բռնությունները շարունակվում են :
«Իսլամական պետությունը» համարվում է աշխարհում խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Միջազգային դաշինքը ԱՄՆ-ի գլխավորությամբ մեկ ամսից ավելի է պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկիր: