«Իսլամական պետություն» կազմակերպությունը Իրաքի արևմուտքում գտնվող Անբար մարզում բունմար ցեղախմբի 35 անդամի մահապատժի է ենթարկել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, լուրը հաստատել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր, բունմար ցեղախմբի շեյխ Ղազի ալ Քաուդը: Սպանվածների թվում կան 3 երեխա և 4 կին: Ոճրագործությունն իրականցվել է նոյեմբերի 3-ի երեկոյան:

 

Ավելի վաղ Ղազի ալ Քաուդը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը վերջին օրերին բունմար ցեղախմբի շուրջ 500 անդամի է սպանել: Նրա խոսքով ' հարյուրավոր երիտասարդների ճակատագիրն անհայտ է, միևնույն ժամանակ շարունակվում են առևանգման գործողությունները:

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

 

Միջազգային դաշինքը ԱՄՆ-ի գլխավորությամբ մեկ ամսից ավելի պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկիր: