Բոսֆորի նեղուցի հյուսիսային ելքում 43 գաղթականների փոխադրող նավը խորտակվելու պատճառով 24 մարդ զոհվել, 10 մարդ անհետ կորել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նավի վրա հիմնականում Աֆղանստանի քաղաքացիներ են եղել, որոնք փորձում էին Սեւ ծովով ապօրինի կերպով հասնել Ռումինիա:
Նշվում է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են: Փրկարարներին հաջողվել է ծովից կենդանի դուրս բերել միայն 7 միգրանտների:
Ականատեսների խոսքով' նավի վթարի ենթարկվելու վայրում ջրի վրա մարդկանց դիակներ էին լողում, խեղդվող մարդկանց փրկության աղերսանքներ լսվում:
Թուրքիան համարվում է Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա միգրանտների տարանցման երկիր: Եվրամիությունը Թուրքիայի հետ համաձայնագիր է ստորագրել ապօրինի կերպով իր տարածքով եվրոպական երկրներ ներգաղթյալներին հետ ընդունելու մասին, ինչի դիմաց Անկարան Բրյուսելից պահանջել է Թուրքիայի քաղաքացիներին առանց արտոնագրի մուտք ապահովել ԵՄ երկրներ: