Վերջին օրերին ադրբեջանական մամուլում էին հայտնվում այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանական կողմի ջանքերով, Լոնդոնում անցկացվող ամենամյա World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը փակվել է։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը կապվել է լոնդոնյան իր աղբյուրների հետ, որոնք նշել են, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը, ինչպես և նախատեսված է եղել, ներառված է հայկական տաղավարի մեջ և բնականոն աշխատում է. որպես ապացույց' ներկայացվել են նաև լուսանկարներ։

 

Նոյեմբերի 3-ի կեսօրին հնչել է Հիքմեթ Հաջիևի ևս մի հայտարարություն,ըստ որի' նա Vesti.az-ին ասել է. «... անգլիական կողմի հետ մեր բանակցությունների արդյունքում հայերը ստիպված էին ԼՂՀ-ն ներառել Հայաստանի կազմում»։

 

Սակայն, ինչպես նշվեց Արցախի տաղավարը միշտ եղել է հայկականի կազմում և Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատարի հայտարարությունը բացահայտ կեղծիք է։