Հայաստանում ձվի շուկան կարգավորելու համար անհրաժեշտ է ստեղծել վերամշակող գործարանի: Դա հնարավորություն կտա արտադրողներին ավելի արդյունավետ կազմակերպել արտադրական գործընթացը, իսկ ավելացած ձուն օգտագործել այլ նպատակներով:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա տեղեկացրեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը վերջերս խստացրել է սննդի արտադրության ոլորտում օգտոգործվող ձվի չափորոշիչները, ինչից հետո սնունդ արտադրողները թռչնաբուծարաններից այլևս չեն գնում կոտրված ձվեր: «Նրանք վերցնում են միայն ամբողջական ձվերը, ինչն էլ հանգեցնում է ձվի լրացուցիչ ծավալներ արտադրելու անհրաժեշտությանը: Մենք այլևս չենք կարողանում մելանժը ուղարկել սննդի արտա դրություն, իսկ արտադրողի համար երաշխիք չկա, որ նա կկարողանա իր ավելցուկը վերամշակել և վնաս չկրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Ստեփանյանը: Նա ընդգծեց, որ այդ հարցի միակ լուծումը ձվի վերամշակման գործարանի ստեղծումն է:

 

ՍԱՊԾ անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հիշեցրեց 2011 թվականին ձվի գերարտադրության հետևանքով առաջացած իրավիճակի մասին' նշելով, որ այդ ժամանակ շուրջ 12 մլն ձու ուղարկվեց Իրան' տեխնիկական վերամշակման համար: «Ցանկալի կլինի, որ մեր երկրում էլ ունենանք նման գործարան: Թեև մեր արտադրության ծավալներն այնքան էլ մեծ չեն, որպեսզի տեխնիկական նպատակով ևս իրականացվի վերամշակում, սակայն կարելի է կազմակերպել միայն սննդային օգտագործման համար վերամշակում»,- ասաց նա: Մկրտչյանի խոսքով' Հայաստանում տա րեկան վերամշակված ձվի քանակը կարող է լինել առավելագույնը 120 մլն հատ:

 

Հայաստանում այս տարվա ինն ամսիների ընթացքում արտադրվել է 543 մլն ձու, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 527 մլն, այսինքն' ծավալն ավելացել է 3 տոկոսով: Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումներով' մինչ տարեվերջ կարտադրվի 630-640 մլն ձու' նախորդ տարվա համեմատ շուրջ 5 տոկոսով ավելի: