Շտապօգնության բժշկական ծառայության և պոլիկլինիկաների համագործակցությունը պետք է ուժեղացվի, որպեսզի այն կանչերը, որոնք շտապ տուն հասնելու կարիք չեն պարունակում, տեղափոխվեն պոլիկլինիկական օղակ:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այս կերպ հիվանդն իր ոտքով գնալու է պոլիկլինիկա կամ տնային կանչը լինելու է պոլիկլինիկայից:
Առողջապահության նախարարն ասաց, որ շտապօգնության կանչերի արագ չհասնելու պատճառներից մեկը չհիմնավորված կանչերն են:
Թորոսյանը նշեց, որ կանչերի հետ կապված կա մեկ այլ խնդիր՝ մարզերից զանգահարելիս հաճախ քաղաքացիները կապ են հաստատում Երևանի շտապօգնության ծառայության և ոչ թե իրենց տեղի ծառայության հետ:
«Հնարավոր է՝ ինչ-որ մեկը Եղեգնաձորից զանգի 1-03 և ընկնի Երևան կամ Վայքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայան: Սա շատ սխալ է, հետո իրար հեռախոսի համարներ են փոխանցում, ասում են՝ գիտեք սխալ տեղ եք ընկել, զանգահարեք մեկ այլ համարով: Մեր ցանկությունն է, որ այստեղ կենտրոն լինի և մեկ հպումով զանգը փոխանցվի մարզային կենտրոն կամ միանգամից կանչը փոխանցվի: Այդ ամենը հիմա գծագրվում է»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նախարարի' շտապօգնության կանչերով բժիշկների արագ տեղ հասնելուն կնպաստի նաև բրիգադների ավելացումը:
«Ինչպես գիտեք, կառավարության որոշմամբ հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրվեցին Առողջապահության նախարարությանը: Դրա 500 միլիոն դրամը ուղղված էր շտապօգնության բժշկական ծառայությանը, իսկ մյուս տարի բյուջետային աճը տարվա սկզբի համար մոտ 1 միլիարդ դրամ է լինելու: Այդ ամենը բերելու է 15 բրիգադի ավելացմանը Երևանում և 14 բրիգադի ավելացմանը մարզերում: Այդ ամենը բերելու է արագ կանչերին, թե հասանելիության, թե որակի բարձրացման առումով: Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար' այստեղ որևէ բան փոխելու մտադրություն չկա և չի լինելու»,- եզրափակեց Թորոսյանը: