Դեպի խաղաղության տանող այլ ճանապարհ չկա, քան երկխոսությունն ու վստահությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր ԼարսԱդակտուսոնը, ով վերջերս այցելել էր Արցախ:

«Ես հրավիրվել էի Լեռնային Ղարաբաղ որպես Եվրախորհրդարանի առանձին անդամ Արդարադատության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշնության կողմից, եւ իմ առաքելությունն էր խորացնել տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի մասին իմ ընկալումները, որպեսզի լույս սփռեմ այս հաճախ մոռացված հակամարտության վրա Շվեդիայում եւ Եվրամիությունում: Դա իմ առաջին այցն էր Լեռնային Ղարաբաղ, եւ կարող եմ ասել, որ այն մեկուսացված է: Բայց չնայած դրան՝ այնտեղ ժողովուրդը վճռել է ներկայիս իրավիճակում անել լավագույնը, ինչ կարող է՝  իրականացնելով բարեփոխումներ, որոնք անկասկած նրանց ավելի կմոտեցնեն ազատ աշխարհի ժողովուրդներին: Ես շատ տպավորված էի ինձ հանդիպած մարդկանց դրական տրամադրվածությամբ»,-ասաց ԵԽ պատգամավորը:

 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են  լավագույն հասանելի կարգավորումը խաղաղության տանող նպատակի ձգտման ճանապարհին:

«Ես աջակցում եմ նրանց քայլերին, որոնք ձեռնարկվում են շփման գծում դիտորդների կարողությունների ընդլայնման ուղղությամբ, եւ ես կարծում եմ, որ խաղաղությանը պետք է նախորդի ռազմական գործողությունների դադարեցումը»,-նշեց Լարս Ադակտուսոնը:  

Շվեդ պատգամավորը վստահ է՝ պատճառներից մեկը, թե ինչու այս կարգավորմանը դժվար է հասնել, հենց նպատակների միջեւ գոյություն ունեցող հակամարտությունն է:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունք, փախստականների վերադարձի իրավունք, միջազգային օրենք եւ կենսունակ ճանապարհ դեպի  ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար. սրանք այն ասպեկտներն են, որոնք պետք է հաշվի առնվեն խաղաղ կարգավորման գործընթացում»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախ-Եվրամիություն համագործակցությանը՝ պատգամավորը նշեց, նա անհատապես աշխատում է Եվրամիության ավելի ակտիվ դերի ամրապնդման ուղղությամբ:  

«ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մոտ ես բարձրացրել եմ այն հարցը, թե ինչու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը մինչ այսօր չի այցելել Լեռնային Ղարաբաղ»,-եզրափակեց շվեդ պատգամավորը:  

Սյուզի Մուրադյան