Բրյուսելում նոյեմբերի 4-ին կայացել է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առևտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում» հանդիպումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եվրոպական պատվիրակությունը' Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, տարածաշրջանային քաղաքականության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ ակտիվ առևտրատնտեսական համագործակցության շարունակականության ապահովումը, համագործակցության ոլորտների և ուղղությունների հնարավոր ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել ոլորտային համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող իրավական նոր ձևաչափի ձևավորմանն առնչվող հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ շարունակելու քննարկումներն ու աշխատանքները: