ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին՝ պետական և քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի հեռագրում ասված է.
«Ցավով տեղեկացա Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին:
Մենք կորցրինք փորձառու և հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկարամյա և նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:
Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Վլադիմիր Մովսիսյանը եղել է առաջին հերթին ազգային կերպարի մարմնացում: Զբաղեցնելով պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններ՝ նա միշտ հավատարիմ մնաց երկրին և ժողովրդին ծառայելու իր տեսլականին:
Քաջածանոթ լինելով Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրներին' նա մշտապես փորձում էր գտնել և իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք միտված էին պարզ մարդկանց հոգսերի թեթևացմանը: Հենց այդ պատճառով էլ նա վայելում էր հայրենակիցների սերն ու հարգանքը, և նրան վստա հում էին Հայաստանի յուրաքանչյուր անկյունում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»: