Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

 

«Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական և հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր, մեծ հայրենասեր Սուրեն Խանամիրյանի մահվան մասին:

 

Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:

 

Սուրեն Խանամիրյանի՝ վաստակաշատ գործչի և վառ անհատականության հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում:

 

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, ողջ լիբանանահայությանը»: