Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նախագահական պալատը հայտնվել է բրիտանական պարբերականների ուշադրության կենտրոնում' իբրև նախագահի անսահմանափակ իշխանության խորհրդանիշ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' բրիտանական Independent պարբերականը հրապարակել է հոդված հետևյալ վերնագրով' «Ռեջեփ Թայիփ Էրդողան. Նոր «սուլթանը» նոր պալատ ունի, որ թուրք հարկատուներին արժեցել է 400 միլիոն ֆունտ ստեռլինգ»:
Պարբերականը գրում է, որ եթե նախկինում Էրդողանին մեղադրում էին «սուլթան» լինելու մեջ այն բանի համար, որ վերջինս 12 տարվա վարչապետ լինելուց հետո ընտրվեց երկրի նախագահ, ապա այս մեղադրանքներն առավել մեծ թափ ստացան նրա նոր նստավայրի կառուցումից հետո, որն ավելի մեծ է, քան ԱՄՆ Սպիտակ տունը կամ Անլգիայի Բուքինհեմյան պալատը: Նախագահական նստավայրը զբաղեցնում է ավելի քան 1.6 միլիոն քառակուսի ոտնաչափ տարածք և արժե գրեթե 400 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա նշանակում է, որ երկրի պետբյուջեի մեծ մասը ծախսվել է հենց նախագահի նստավայրի կառուցման համար: 1000 սենյակ ունեցող նախագահական պալատի լոգարաններում անգամ մետաքսե պաստառներ են:
Independent-ը նշում է, սակայն, որ նստավայրը կառուցվել է մի տարածքի վրա, որը բնության արգելոց է եղել, այդ իսկ պատճառով նոր պալատի կառուցումն առաջացրել է շատ բնապահպանների զայրույթը: Մեկ այլ բրիտանական պարբերական' The Telegraph-ը, մեջբերում է Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքերը. «Այսպես կոչված սուլթանը սա կառուցել է իր համար մի երկրում, որտեղ 3 միլիոն մարդ գործազուրկ է: Դու կտրել ես հարյուրավոր ծառեր քեզ համար այս պալատը կառուցելու նպատակով»:
Բրիտանական BBC լրատվականը նշում է, որ գալիք տարվա ընթացքում նախագահական մանդատի հետ առնչվող մյուս շինությունները ևս նախատեսվում են վերակառուցվել, ինչպես, օրինակ, Ստամբուլի Հուբեր պալատը և Էգեյան ծովի ափին գտնվող Հյուրերի տունը:
Ի հավելումն այս ամենի, հիշեցվում է նաև, որ Էրդողանը 115 միլիոն ֆունտով գնել է իր նոր ինքնաթիռը, որը ևս իր արժողությամբ ամենաթանկ նախագահական տասը ինքնաթիռների շարքում է: