Երկրապահի պատմությունից անտեղյակ և իրեն երկրապահի հիմնադիրներից մեկը համարող Ռուբեն Գևորգյանը ստում է' աղավաղելով Երկրապահի պատմությունը: Որովհետև 1991թ. զոհված Թաթուլ Խաչատրյանը, 1993 թվականին ապրիլին զոհված Արա Հարությունյանը, 1993թ. հուլիսին զոհված Հայրապետ Նավասարդյանը, 1994թ. մայիսին զոհված Մեխակ Մեխակյանը և Էջմիածնի Երկրապահ կամավորական ջոկատի մի շարք տղաներ, թվով 13 հոգի, Մանվել Գրիգորյանի հետ երկրապահական առաջին անդամատոմսերը ստացել են 1990թ. օգոստոսին Երկրապահի առաջին հռչակագրի ընդունումից հետո' Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ:

 

Անդամատոմսերը Երևանից' տեխնիկայի տանը տեղավորված շտաբից, ես եմ բերել Էջմիածին: Տոմսերը լրացնում էին լուսահոգի Սամվել Խաչատրյանն ու գնդապետ Սերգեյ Առաքելյանը: Այդ նույն անդամատոմսերն Էջմիածնից Հադրութ է հասցրել Մեխակ Մեխակյանը:

 

1990թ. նոյեմբերին, երբ Էջմիածնի Երկրապահ ջոկատի մի խմբին Հադրութի Դուդուկչի գյուղում ձերբակալեցին, ադրբեջանական պետական հեռուստատեսությունը երեք օր անընդմեջ Մանվել Գրիգորյանի անդամատոմսն էր ցույց տալիս՝ շարունակ հայտարարելով, որ ձերբակալվել է ՀՀ Գերագույն խորհրդի Երկրապահ զորամիավորման մինչև ատամները զինված մի խմբավորում' հրամանատար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

 

Ռուբեն Գևորգյանն ասում է, որ Մանվել Գրիգորյանն իրենից մեկ տարի էլ ուշ է կռիվը սկսել: Մինչդեռ երբ Մանվել Գրիգորյանը Հադրութի Էդլվա ձորակի գյուղերն էր պաշտպանում, ինքը՝ Ռուբեն Գևորգյանը, չգիտեմ՝ Ղարաբաղի տեղը գիտեր, թե ոչ:

 

Մանվել Գրիգորյանը 1990 թվականից Էջմիածնի երկրապահ ջոկատի հրամանատարն էր' հիմնադիր հրամանատար: Ազատագրական և ինքնապաշտպանական պայքարի առաջին օրերից առանց ընդմիջումների լինելով Հադրութի Էդլվա ձորակի ինքնապաշտպանական գծում Մանվել Գրիգորյանը միաժամանակ միշտ հայտնվել է այն թեժ կետերում, ուր նրան ուղարկել է Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն:

 

Այնպես, որ չարժե սեփական կարիերիայի համար կեղծել պատմությունը, մանավանդ որ այդ պատմությունն արձանագրված է հերոս նահատակների արյամբ և մեր հաղթանակի պատմությունն է:

 

ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյան