Կանաչ տարածքների մակերեսը ծաղկապատումով ավելացնելը այդքան էլ լավ գործելաոճ չէ, քանի որ ծաղիկը ունի կարճ բուսացման շրջան, մնացած ժամանակաշրջանում ծաղկապատված տարածքը մնում է դատարկ: Նմանատիպ կարծիք նոյեմբերի 6-ին արտահայտեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը:
Մոտ օրերս Երևանում կմեկնարկի աշնանային ծառատունկը: Ընդհանուր առմամբ' այս տարվա ընթացքում ծրագրված էր տնկել 40 հազար ծառ և թուփ, հիմնականում՝ հացենի, թխկի, ակացիա, բարդի և կաղնի։ Իսկ մայրաքաղաքի ծաղկային տարածքը պետք է կազմեր շուրջ 6.2 հա։
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ստեղծվել է Երևանի կանաչ տարածքների բազան, որտեղ ներառվել են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը, տվյալներ կառուցապատման, վարձակալների, շինարարության գործընթացում տեղ գտած իրավախաղտումների վերաբերյալ: Այստեղ ամփոփված են պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տվյալները:
«Ընդհանուր կանաչապատման համար հատկացված տարածքների մակերեսը 1990-2007թթ. շատ չի փոփոխվել, սակայն ակնառու փոփոխություն է կրել այդ տարածքներում աճող բուսականության ծավալը: 1990 թ. Երևանում կանաչապատման ենթակա տարածքների 74%-ի վրա աճում էր բուսականություն, և այն կազմում էր 1254 հա: 2003 թ. դրանք կազմեցին 1254 հա՝ նվազելով մինչև 43%, իսկ 2007թ.' 29%», - ներկայացրեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Լենա Նազարյանը:
Հովիկ Սայադյանը, ով երկար տարիներ զբաղվել է նաև Հայաստանի անտառների և կանաչ տարածքների հիմնախնդիրներով, նկատեց, որ մեկ մարդու հաշվով քաղաքում անհրաժեշտ է առնվազն 16 քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, իսկ Երևանում 540 հա կանաչ տարածքների դեպքում Երևանի յուրաքանչյուր բնակչի համար ապահովվում է 4,9 քմ տարածք:
Աշխարհագրական գիտությունների դոկտորը հավելեց, որ կանաչ տարածքների նվազման դեպքում մեծանում է ծանր կապարի ազդեցությունը, քանի որ կանաչ բուսականությունը ծանր տարրերի կլանիչ է: Կանաչ տարածքների ամայացման դեպքում ծանր մետաղները փոշու միջոցով սկսում են տարածվել, իսկ կապարը և այլ ծանր մետաղները բերում են մտավոր ունակությունների նվազեցման և անպտղության: