Երևանի արտահերթ ընտրություններում Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը առաջնային խնդիր է համարում Երևանի կանաչապատումը:
Լրագրողների հետ զրույցում Արտակ Ավետյանը նշեց, որ պետք է որքան հնարավոր է ավելացնել կանաչ մակերեսները Երևանում:
Ավետյանը նաև կարևորեց Երևանի տրանսպորտի խնդիրը, որի լուծումը տեսնում է մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցմամբ:
«Երևանում կարևոր է տրանսպորտի խնդրի լուծումը: Պետք է բարելավվի տրանսպորտային համակարգը, ինչպես նաև մետրոպոլիտենի հարցը: Վերջինս կլուծի նաև դեպի Կենտրոն մեքենաների գերբեռնված հոսքի խնդիրը»,- ասաց Ավետյանը:
Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Ահա դրանք. «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցություններ, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքներ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: