Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի կառավարությանը մոտ մամուլն զբաղված է երկրի ղեկավար Իլհամ Ալիևի վարկանիշն արհեստականորեն բարձրացնելու գործով:
Իշխանական շրջանակներից սնվող «Ռեյ» մոնիտորինգային կենտրոնը Բաքվում «օմնիբուս» տիպի հասարակական կարծիքի հարցում է անցկացրել և Ադրբեջանի պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությանը հայտնել, որ հարցման արդյունքները ցույց են տվել, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեին եկող կիրակի, ապա ընտրողների մեծ մասը (83 տոկոս) իր ձայնը կտար երկրի ներկայիս ղեկավարին:
Ըստ այդ հարցումների' Բաքվի բնակիչների 65 տոկոսն Ադրբեջանի Նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևին «այլընտրանք չի տեսնում», հարցման մասնակիցների 82 տոկոսն էլ դրական պատասխան է տվել «Իլհամ Ալիևը բավարարում է ձեր շահերը» հարցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթն Ադրբեջանում ընտրությունների նկատմամբ հավատի անկման պայմաններում այդ հարցումը գնահատել է որպես իշխանության կողմից ավանդույթի վերածված քարոզչության մաս, և նշել, որ այդ կեղծ հարցումները միտված են Իլհամ Ալիևի վարկանիշի արհեստական բարձրացմանը, այլապես' ընտրություններից մեկ տարի անց այն որևէ իմաստ չունի:
Թերթի կարծիքով' վերջին շրջանում Արևմուտքը բազմիցս նշել է Ադրբեջանի ավտորիտար կառավարման մասին, և հնարավոր է' ուղեղներում այդ գործոնը չամրապնդելու համար կառավարությունը «վարկանիշ» է հավաքում: Մյուս պատճառն էլ կարող է լինել այն, որ վերջին օրերին Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի' իշխանության ձախողման մասին խոստովանությունից պարզ դարձավ, որ բոլոր բնագավառներում իրավիճակն աղետալի է, և հարցումն էլ անցկացվում է ցանկացած վիճակում Իլհամ Ալիևին այլընտրանք չլինելը ցույց տալու համար:
Թերթը հարցնում է. Իլհամ Ալիևն այդ ի՞նչ հաջողությունների համար պետք է վերածվեր կարծիքի հարցման առաջատարի, այն դեպքում, երբ երկրի գլխավոր գաղափարախոսը խոստովանում է, որ գիտական ոլորտը վերածվել է շուկայի, կրթության վիճակն աղետալի է, կիրթ կադր չկա, հեռուստատեսությունները ոչ մի չափանիշի չեն համապատասխանում, բարոյական հարցերում ճգնաժամ է, մտավորականների պակաս է և այլն:
«Բոլոր այս փաստերը ազդում են հասարակական կարծիքի վրա: Եթե երկրի հիմնական բնագավառները կաթվածահար վիճակում են, ինչու պետք է մեծանա Իլհամ Ալիևի վարկանիշը: Գործազրկությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քաղաքացիները հարկադրված են լքել երկիրը, բոլոր պետական հիմնարկներում կաշառակերություն է, աշխատավարձերը չեն համապատասխանում կեցության նվազագույն շեմին, մարդիկ ձերբակալվում են շինծու մեղադրանքներով, դատարանները պատվիրված վճիռներ են կայացնում, տնտեսության բոլոր ոլորտները մոնոպոլացված են, կրթության վճարներն աստղաբախշական թվերի են, քաղաքացին խեղդվում է վարկային ճահճում: Այսպիսի իրականության մեջ Իլհամ Ալիևին ի՞նչն է գրավիչ դարձնում:
Այս հարցումն անվստահելի է նաև այն առումով, որ իշխանությունն' ինքը ևս չի հավատում դրան: Եթե Իլհամ Ալիևի վարկանիշն իրականում բարձր լիներ, ոչ ընտրությունների կեղծման, ոչ կարուսելային գործողությունների, ոչ մրցակիցների դեմ սև արշավի, ոչ էլ տասնյակ քաղաքական ակտիվիստներ ձերբակալելու կարիք կլիներ:
Եթե Իլհամ Ալիևը վարկանիշի խնդիր չունենար, այս երկրում ընդդիմադիր կուսակցության շտաբը չէր պայթեցվի, ընդդիմության առաջնորդի նկատմամբ անձնագրի արգելք չէր դրվի, և երկրի հեռուստաալիքներին էլ շառ-բամբասանքների արշավի պատվեր չէր տրվի: Այս իշխանության իրական վարկանիշը հայտնի է և՛ երկրի ներսում, և՛ արտասահմանում»,- գրում է թերթը:
Ադրբեջանում անցկացված հարցմանն անդրադարձել է նաև բրիտանական The Telegraph թերթը, որը համոզմունք է հայտնել, որ վարկանիշը բարելավելու Ալիևի ջանքերը հակառակ արդյունքի են հանգեցրել: