Ադրբեջանի իշխանության մեջ «հայրենասիրության» զգացողությունը որպես կանոն արթնանում է երկրում եւ սամաններում իրավիճակի լարվելու, բողոքի ակցիաներ սկսվելու ժամանակ: Ներկայիս իշխանությունը վեջին 21 տարում «հայրենասիրություն» հասկացությունը վերածել է առեւտրի առարկայի եւ գռեհկացրել: Պատահական չէ, որ հասարակության մեջ հեղինակություն չունեցող քաղաքական գործչից մինչեւ ինչ-որ երգիչ բոլորը խոսում են հայրենասիրությունից:
Այս հասկ ացությունը վերածվել է ոչ մի անգամ հայրենիքի համար չպայքարած եւ այդ հասկացությունը չընկալած մարդկանց «զենքի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ազադլըգ»-ը' նշելով, որ հայրենիքի ցավի մասին սկսել է խոսել նաեւ ղարաբաղյան պատերազմի վետերաններին եւ համանդամներին ինքնասպանության սահմանին հասցրած իշխանությունը:
Թերթը գրում է, թե հայրենասիրության հարցում իշխանության արածն այն էր, որ վերջին օրերին ղարաբաղյան ճակատում մեծ թվով զինվորների զոհվելու առնչությամբ հեռուստաալիքներով պատերազմի մասին ֆիլմեր ցուցադրվեցին, պատգամավորները «մեր վրեժը ծանր է լինելու» հայտարարություններ արեցին, իշխանամետ մամուլն էլ կենտրոնացավ «պետք եղած ժամանակ Երեւանն էլ կվերցնենք» կարգախոսի վրա, ու գործը դրանով ավարտվեց:
«Հայրենասիրության հետ կապված իշխանության կեղծ ու սուտ քարոզչությունն ու անազնվությունը միայն դրանով չավարտվեցին: Վերջին շրջանում Ադրբեջանում ինքնասպանության դիմողների մեծամասնությունը Ղարաբաղի վետերաններն ու հաշմանդամներն են: Առաջինն իրեն հրկիզեց Ղարաբաղի պատերազմի վետերան Զաուր Հասանովը: Պարզվեց, որ նրա ինքնասպանության պատճառը չինովնիկների կամայականությունն է: Սակայն կառավարությունը չխորացավ խնդրի մեջ եւ, որոշակի գումար ծախսելով, փակեց հարցը:
Հետո Սումգայիթում իր դեմ կատարված անիրավությունների համար բողոքող վետերանին նետեցին հոգեբուժարան եւ լռեցրեցին: Իսկ անցյալ օրը Ղարաբաղի պատերազմի վետերան Էլչին Սալահովը կնոջ' Ժալյա Սալահովայի հետ ինքնահրկիզման դիմեց նախագահի նստավայրի առաջ:
Մենք վկա եղանք նաեւ ղարաբաղյան վետերանների հացադուլի եւ բերանները կարելու ակցիաներին: Այսինքն' կառավարությունը, որը ամեն պահի «Մենք Ղարաբաղի նման ցավ ունենք» կարգախոսով արդարացնում է իր բոլոր հանցագործությունները, իրականում ղարաբաղյան վետերաններին կանգնեցրել է ամենածանր ցավի առաջ:
Վերը նշված փաստերը մեկ անգամ եւս ապացուցում են, որ իշխանության «հայրենասիրության», «Ղարաբաղի ցավ» արտահայտություններն իրականում մարդկանց խաբելու եւ սեփական կեղտոտ նպատակները կյանքի կոչելու համար են: Ղարաբաղի վետերաններին ինքնասպանության դրդող իշխանությունը հայրենասիրությունից խոսելու իրավունք չունի: Իրականում այս իշխանության քաղաքականությունը կազմված է եղել «հայրենասիրություն» հասկացությունը մեռցնելուց:
Եթե մի երկրում վետերանին հաշմանդամության կարգը տալիս են կաշառքով, տասնյակ զինվորների զոհվելու դեպքում հեռուստաեթերից ուրախ երաժշտություն է հնչում, զինվորների մահերի դեմ բողոքող երիտասարդներին կեղծ մեղադրանքներով բանտերն են նետում, միանգամայն պարզ է, թե ինչ մակարդակի վրա է այս իշխանության հայրենասիրության զգացումը:
Այլեւս բացահայտվել են իշխանության բոլոր ստերը, hայրենասիրության անվան տակ կազմակերպված կեղծ շոուները: Իշխանությունն առաջին հերթին պետք է լուծի վետերանների ինքնասպանություններին վերջ դնելու խնդիրը, փոխհատուցի պատերազմում հաշմանդամ դարձածներին, հետո միայն ժողովրդին հայրենասիրության դասեր տա», -գրում է թերթը: