Ադրբեջանից Վրաստան' այնուհետեւ Թուրքիա փոխադրելու ժամանակ կալանված մոտ 3 տ հերոինը Ադրբեջանում վերամշակման ենթարկված լինելու մասին տեղեկություններ են տարածվել:

 

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթին հայտնի է դարձել, որ թմրանյութ բեռը Վրաստանում առգրավելու գործողությունն անցկացվել է անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում: Նշվում է, որ թմրանյութը բերվել է Աֆղանստանից եւ Ադրբեջանում ինչ- որ վերամշակման գործընթաց անցել: Թերթին այդ մասին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ այդ գործի հետաքննությանը մասնակցում է տարածաշրջանում անվտանգությամբ շահագրգռված բազմաթիվ երկրների միացյալ օպերատիվ-հետաքննչական խումբը:

 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 11-ին Ադրբեջանից Թուրքիա տարանցիկ մեկնող բեռնատարում 2 տ 790 կգ հեղուկ հերոին է հայտնաբերել: Միջադեպն անմիջապես հանրայնացվել է: Թեմային անդրադարձել եւ լուրջ ուշադրություն է դարձրել միջազգային մամուլը: Իրադարձության մասին լուրեր են հաղորդել աշխարհի ամենաազդեցիկ ԶԼՄ-ները:

 

«Ադրբեջանական կողմը դեռեւս որեւէ բացատրություն չի տվել այն մասին, թե մոտ 3 տ հերոինն ինչպես է անցել իր տարածքով: Ստեղծված վիճակից դուրս գալու համար Ադրբեջանի իշխանության կատարած բոլոր քայլերն անհաջողության են մատնվել», -նշում է «Ազադլըգ»-ը: