Ինչպես սպասվում էր, Ադրբեջանում դեկտեմբերի 23-ին անցկացված քաղաքապետական ընտրություններն ընթացան համապարփակ կեղծարարություններով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Թերթը գրում է, որ իշխանությունն ընտրությունից առաջ լուծել էր իր համար գլխավոր խնդիրը՝ թույլ չտալով ընտրություններին մասնակցել ընդդիմադիր կուսակցություններին:
«Իշխանությունը մտածում էր, որ այդպես հանգիստ կերպով ընտրություն կանցկացնի և ամբողջ աշխարհին «արդար ընտրության» օրինակ կցուցադրի: Սակայն բնակչությունը լավ գիտի, թե ինչպես են անցկացվում ընտրություններն Ադրբեջանում, և քվեարկության չգնաց: Քաղաքապետական ընտրություններն անցան մեռյալ հանգստությամբ: Իշխանությունն էլ խայտառակ չլինելու համար կեղծարարությունների դիմեց և դրանով խայտառակվեց կրկնակի»,-գրում է թերթը:
Ադրբեջանում երեկ անցկացված քաղաքապետական ընտրություններում պաշտոնական տվյալներով ակտիվությունը կազմել է 38,93 տոկոս. 4 819 382 ընտրողներից քվեարկել է 1 876 014 մարդ: Ադրբեջանի քաղաքապետական ընտրություններին արտասահմանյան դիտորդներ չեն մասնակցել: Դիտորդական առաքելությունից հրաժարվել է նաև Եվրոպայի Խորհուրդը:
Ադրբեջանի ընդդիմության և դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ»-ի կոորդինացիոն կենտրոնի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին թերթին հայտնել է, որ ընտրությունների նկատմամբ ԵԽ-ի այդ վերաբերմունքը կապված է Ադրբեջանում ընտրական ինստիտուտի նկատմամբ միջազգային կազմակերպությունների կողմից վստահությունը կորցնելու հետ:
«Եվրոպական կառույցները, այդ թվում Եվրոպայի Խորհուրդը, խոստովանում են, որ Ադրբեջանում ընտրական ինստիտուտը լիակատար փլուզվել է, և այդ պատճառով չեն մասնակցում ընտրություններին: Բացի այդ, Ադրբեջանում իմաստազրկվել է նաև քաղաապետական ինստիտուտը. այն, որպես կառավարման մեխանիզմ, կորցրել է իր իմաստը: Դա խոստովանել է նաև խորհրդարանը:
Քաղաքապետարանները վերածվել են գործադիր իշխանության ոչ լիազոր կառույցի: Սեպտեմբերից խորհրդարանի մակարդակով արդեն հայտնի էր, թե ովքեր պետք է ընտրվեն», -ասել է նա՝ նշելով, որ ընտրություններին մասնակցությունից ԵԽ-ի հրաժարվելը կապված է Ադրբեջանում ընտրական ինստիտուտի նկատմամբ վստահությունը վերանալու հետ:
Գ.Հաջիբեյլին նաև նշել է, որ այստեղ դեր է խաղացել նաև այն, որ իշխանությունն արհամարհել է Ադրբեջանում ընտրական օրենսդրության հետ կապված ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները: Նրա խոսքով՝ ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել անգամ իշխանական մամուլը, մարդկանց մեծ մասը տեղյակ չի եղել երկրում անցկացվելիք ընտրություններից:
«Ընտրությունների անցկացման հետ կապված տարածված աղմկալից տեսանյութերն ապացուցում են, թե ինչպիսի մթնոլորտում են անցել դրանք»,-նշել է նա:
Համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել Ադրբեջանում անցկացված քաղաքապետական ընտրություններում կեղծարարությունների, զանգվածային լցոնումների, կարուսելների մասին: