Երևանի Կասյան փողոցի և «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գյուղատնտեսական մթերքի տոնավաճառները կգործեն մինչև տարեվերջ, իսկ Ամանորի նախօրեին դրանք կգործեն 10 օր՝ անընդմեջ ռեժիմով: Այս մասին նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: 

 

«2014 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ' Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 40 տոնավաճառ: Ընդհանուր առմամբ, 40 տոնավաճառներին գրանցվել են շուրջ 5520 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով, Կասյան փողոցի վերին հատվածում 1 տոնավաճառի ընթացքում իրացվել է 45-50 տոննա գյուղմթերք:

 

Այս տարի «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպվել է թվով 27 տոնավաճառ, որտեղ, ընդհանուր առմամբ, մթերք իրանցրել են շուրջ 3537 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով, «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գործող 1 տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռոբերտ Մակարյանը:

 

Այս տարվա հունիսի 8-ից' Կասյան փողոցի վերին հատվածում, իսկ հուլիսի 26-ից' «Մալիբու» սրճարանի հարևանությամբ վերսկսվել են գյուղատնտեսական մթերքների յուրաքանչյուր շաբաթ և կիրակի գործող տոնավաճառները: Տոնավաճառներին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացրել բացառապես սեփական արտադրանքը: