Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին' դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեկտեմբերի 9-ի դրությամբ, միջին հաշվով, մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 40-45 տոննա գյուղմթերք, իսկ ընդհանուր առմամբ՝ 3698 տոննա:

 

Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

 

Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցում է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնում է տարածքի մաքրման աշխատանքներ: