Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր եւ խորհրդարանի արտաքին հանձնաժողովի անդամ Մեհմեթ Ալի Էդիբօղլուն հայտարարել է, որ վերջին երեք շաբաթում հազարից ավելի ջիհադականներ թուրքական Հաթայ (Անտիոք) նահանգով անցել են Սիրիա եւ միացել Իդիպի ու Հալեպի շրջաններում կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստական ահաբեկչական խմբավորուններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, թուրք պատգամավորն ասել է, որ ջիհադականները Սիրիա են անցել Թուրքիայից այդ երկրին մարդասիրական օգնություն փոխադրող բեռնատարներով:
«Երեք շաբաթ է' ջիհադականները 20-25 հոգանոց խմբերով գալիս են Հաթայ, որտեղից նրանց Յայլադաղի Գյուվենչի եւ Ռեյհանլըի Բուքուլմեզ գյուղերից փոխադրում են Սիրիա: Այդ է պատճառը, որ Սիրիայի Հալեպ, Իդիպ եւ Արֆին շրջաններում բախումներն ավելի են ուժգնացել»,-ասել է նա:
Էդիբօղլուն նշել է, որ մարդասիրական օգնության անվան տակ Թուրքիան շարունակում է զենք եւ զինամթերք մատակարարել «Ալ Նուսրա» խմբավորման մարտիկներին:
«Բեռնատարներով ոչ թե մարդասիրական օգնություն է փոխադրվում սիրիացի գաղթականներին, այլ զենք եւ զինամթերք է մատակարարվում «Ալ Նուսրա»-ի մարտիկներին: Այդ բեռնատարները սահմանը հատում են գիշերը: Եթե դա մարդասիրական օգնություն է, ապա ինչու այն չի արվում ցերեկով»,-նշել է նա:
Էդիբօղլուի խոսքով' թուրքական Բուքուլմեզ գյուղում եւ դրա դիմաց գտնվող սիրիական Աթմե գյուղում «Ալ Նուսրա»-ի մեծ թվով անդամներ կան, որոնք բացահայտ կերպով համագործակցում են իրար հետ' թուրքական կողմից զենքով ապահովելով վերջիններիս: «Այստեղ ջիհադականները համաձայնեցված կերպով անգամ հրամաններ են արձակում: Այստեղ գործում է նաեւ ջիհադականների հիմնադրած իսլամական դատարան», -ասել է ԺՀԿ պատգամավորը:
Ադրբեջանական azadxeber.az լրատվական կայքը հայտնել է, որ անցյալ շաբաթ ադրբեջանցի վահաբի (իսլամի սունի ուղղության ծայրահեղական հոսանք) մոտ 40 ընտանիք Սիրիա մեկնելու համար անցել են Թուրքիայի տարածք:
Կայքին հասած տեղեկություններով' Թուքիայի տարածքով Սիրիա անցնելու եւ կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումների միանալու համար ադրբեջանցի 40 ընտանիքների մի մասին արդեն հաջողվել է անցնել թուրք-սիրիական սահմանը, իսկ մյուս մասը դեռեւս սպասում է Թուրքիայում: