Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը հրապարակել է վերջերս մահացած Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկի' 108-ամյա Հեղնար Խերդյան-Փալոյանի հուզիչ պատմությունը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Փալոյանի հուղարկավորման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերին 28-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում:

 

Հեղնար Փալոյանի բարեկամներից մեկը, մի քանի տարի առաջ այցելելով ծեր կնոջը, խնդրել է նրան պատմել Խարբերդի իր կյանքի մասին, ապա ձայնագրել դա' հետագա սերունդերի համար:

 

Հեղնար Խերդյան-Փալոյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Խուլաքուղ գյուղում'Գևորգ և Մարիամ Խերդյանների ընտանիքում: Դեռ մանուկ հասակում կորցրել է ծնողներն, և մինչև աքսորը նրան մեծացրել են մերձավոր բարեկամները:

 

Զարմիկի հետ զրույցում տիկին Հեղնարը հիշել է այն օրը, երբ թուրք զինվորները մտան իրենց գյուղ և բնակիչների մեծ մասին ստիպեցին լքել այն: Նրա երկու եղբայրներին տարան թուրքական բանակ, իսկ երրորդ եղբայրը կարողացավ ի վերջո հասնել ԱՄՆ, սակայն առեղծվածային կերպով անհետացավ: Արդյունքում, Հեղնարը մնաց իր միակ բարեկամի' զարմիկ Միհրանի հետ: Նրանք տուն-տեղ չունեին, սոված-ծարավ քնում էին թուրքերի դռների դիմաց, մինչև որ մի գիշեր տանտերերից մեկը առավոտյան տեսավ նրանց և վռնդեց:

 

Մի օր էլ Հեղնարը Խարբերդ քաղաքում կույր հայի գտավ, ով ապրելու տեղ ուներ, բայց ուտելու բան չուներ: Հաց հայթայթելու ակնկալիքով' նրանք թակում էին թուրքերի դռները և մուրում, որ կացարանի դիմաց տանեին տային կույրին: Բայց հաճախ էին ձեռնունայն վերադառնում: Մի անգամ մի բարի կին Հեղնարին ապուր տվեց, և նա ապուրը տարավ կույր մարդուն: Տեսնելով, թե ինչպես է մարդն ուտում ապուրը, սոված աղջնակը փորձեց մի գդալ էլ իր համար վերցնել ապուրից' մտածելով, որ կույրը չի նկատի: Հանկարծ գդալն ընկավ նրա ձեռքից: Լսելով ընկնող գդալի աղմուկը' կույր մարդը սաստիկ բարկացավ և դուրս արեց Հեղնարին:

 

«Հորաքույր Հեղնարի կյանքը ոչ միայն ցավի ու տառապանքի պատմություն է, այլ նաև մաքառման պատմություն, որը սնվում էր Աստծու հանդեպ նրա խորը հավատով, որը ուժ և ապագայի հանդեպ հույս էր տալիս նրան, և կամք' ապրելու համար»,- գրում է ցեղասպանության վե րապրածի զարմիկը: