Քեսաբահայության բռնի տեղահանությունները անհանգստության նոր ալիք են առաջացրել Լիբանանի հայ համայնքում: Բեյրութի կենտրոնում գտնվող Սուրբ Եղիա հայ կաթոլիկ եկեղեցում Սուրբ Զատկին նվիրված պատարագին մասնակցող հայությունն աղոթել է Լիբանանում և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: «Ապագան անորոշ է, ոչ միայն հայերի, այլև Մերձավոր Արևելքի ողջ քրիստոնյա համայնքի համար»,- National Public Radio ամերիկյան մեդիա կազմակերպությանը նշել է Armenian daily հայկական օրաթերթի գործադիր տնօրեն Շահան Քանդահարյանը: Նրա կարծիքով' դա Մերձավոր Արևելքի իսլամիստ ֆունդամենտալիստների վերելքի պատճառով է:

 

National Public Radio-ն նշում է, որ սիրիական իսլամիստ ընդդիմադիր խմբերի հզորացմանը զուգահեռ ավելի ու ավելի շատ քրիստոնյաներ են ներքաշվում երեք տարի տևող քաղաքացիական պատերազմում: «Դեկտեմբերին հնագույն Մաալուլա քաղաքի մենաստանից մի խումբ միանձնուհիներ էին առևանգվել, որոնք ազատ արձակցվեին միայն երեք ամիս անց' մարտին: Իսկ հյուսիսային Ռաքքա քաղաքում ջիհադիստական խմբավորումները փետրվարից խիստ սահամանփակումներ են դրել քրիստոնյանների վրա' արգելելով նրանց աղոթել հանրային վայրերում, խփել եկեղեցու կոչնակները:

 

Քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքը մասամբ կարելի է կապել նրանց և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ հարաբերություններով: Ասադն ինքը պատկանում է ալավի կրոնական փոքրամասնությանը և իր կառավարության ընթացքում պաշտպանության տակ է առել բոլոր փոքրամասնություններին' ձեռք բերելով երկրի քրիստոնյա բնակչության աջակցությունը»,- գրում է National Public Radio-ն:

 

Սուրբ Զատկի պատարագի ժամանակ Սիրիայի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Հովհաննես Յազիգին հայտարարել է, որ քրիստոնյաները «չեն ենթարկվի և զիջի» ծայրահեղականներին' կոչ անելով վերջ տալ «ահաբեկումներին, տեղահանություններին և ծայրահեղականությանը»: Սակայն Սուրբ Եղիա եկեղեցու քահանա Գրիգոր Գյոքչյանը, գտնում է, որ հայերի դեպքում իրավիճակն այլ է, քանզի հայերը ցեղասպանություն են վերապրել, որը հետք է թողել յուրաքանչյուր հայի վրա: «Այն ազդել է ամեն մի հայի վրա: Ամեն մի հայ ճանաչել է մի զոհի: Այն վերք է, որ չի ապաքինվում», -նշել է նա: Չնայած բոլոր մտահոգություններին' Գյոքչյանը, սակայն, լիահույս է ապագայի նկատմամբ: «Հավանաբար, դա մեր հայկականությունն է: Մեր պատմությունը սովորեցրել է մեզ, որ վատին հաջորդում է լավը: Այլապես մենք չէինք կարող գոյատևել այս դարերի ընթացքում»: