Մինչև ամառվա կեսերը, ոմանց պես դեմ եմ եղել Սյունիքի մարզպետի պաշտոնին Սուրիկ Խաչատրյանի վերադարձին:
Կարծիքս փոխեցի, երբ Զանգեզուրում եղա:
Այդ օրերին մարզպետի պաշտոնում դեռ Վահե Հակոբյանն էր, ու խոսք անգամ չկար մարզպետի փոփոխության ու Սուրիկ Խաչատրյանի հնարավոր վերադարձի մասին:
Իմ վերակողմնորոշման վրա ազդել է մի քանի գործոն, որոնք ձևավորվել են սյունեցիների հետ շփման ընթացքում:
Անձերը գուցե քիչ բան եմ որոշում ձևավորված համակարգերում, երկրներում, որոնցում առկա է կառավարման մշակույթ՝ իր ավանդույթներով:
Հայաստանն առայժմ այդ երկրների շարքին չի դասվում:
Եվ ահա՝ սյունեցիներն ինձ ասում էին, որ համակարգի կառավարելիությունը հենց Սուրիկ Խաչատրյանն է կարողանում ապահովել, որովհետև նրա մարզպետության շրջանում խնդիրներն իրենց արագ լուծումն են գտել: Այսինքն՝ գործող մարզպետը բացարձակ հեղինակություն ունի քաղաքապետերի, գյուղապետերի շրջանում ու նրան հաջողվում է կազմակերպել նրանց աշխատանքը, առաջադրել ու օպերատիվ լուծում տալ կուտակված խնդիրներին: Մարզպետի համար սա կարևորագույն խնդիր է, որովհետև կառավարության տարածքային կառավարումն իրականացնող անձը, առաջին հերթին, պետք է կարողանա իրականացնել հանրապետական իշխանությունների քաղաքականությունը՝ դրանք ներդաշնակեցնելով տեղական մարմինների իրակացրած գործունեության հետ:
Ասվածը հատկապես վերաբերում է Սյունիքի մարզին, որի ռազմավարական նշանակությունը, հատուկ կարգավիճակն ակնհայտ է՝ ղարաբաղյան չավարտված պատերազմի, հայ-իրանական հարաբերությունների համատեքստում:
Այստեղ մարզպետը, մենեջերական հատկություններից բացի, պետք է ունենա նաև հրամանատարական հատկանիշներ: Մի բան, որն առկա է Սուրիկ Խաչատրյանի մոտ:
Սյունեցիների երկրորդ փաստարկն այն է, որ մարզի խնդիրներն ավելի օպերատիվ են լուծվում, եթե մարզպետը ճանաչված է հանրապետական մասշտաբով ու Երևանում կարողանում է արդյունավետ պաշտպանել մարզի, իրենց շահերը: Այս առումով նույնպես՝ Խաչատրյանը մարզի էլիտայի մեջ մրցակիցներ չունի:
Եվ, ի վերջո, կարևոր է, որպեսզի մարզպետն՝ իր մտածողությամբ, մոտ կանգնած լինի շարքային մարդուն, նրա դարդ ու ցավին: Այլ խոսքով՝ չլինի կաբինետային չինովնիկ:
Այս համատեքստում՝ Սուրիկ Խաչատրյանի մարզպետությունը դարձյալ արդարացված է, որովհետև, ի հեճուկս ոմանց պնդումների, նա աշխատավոր մարդու, գյուղացիների համար ամենահասանելին է՝ բոլոր մարզպետների մեջ:
Դրա համար էի ես պնդում, որ սա այն եզակի դեպքերից է, որ կառավարության որոշումն ու սյունեցիների տրամադրությունները ներդաշնակ են: Եթե Սյունիքում մարզպետը ոչ թե նշանակովի, այլ ընտրովի լիներ, Սուրիկ Խաչատրյանի հաղթանակը համոզիչ կլիներ…
Սուրեն Սուրենյանց