ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաքում ամերիկացի զինվորական խորհրդատուների թվի ավելացման մասին որոշումը միջազգային դաշինքի՝ «Իսլամական պետության» դեմ արշավի նոր փուլ է, այլ ոչ թե Վաշինգտոնի ռազմավարության ձախողում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նոյեմբերի 9-ին Օբաման հայտարարել էր, որ ամերիկացի 1500 զինվորականներ կուղարկվեն Իրաք՝ պաշտպանական ռազմավարությունը վերածելով հարձակողական ռազմավարության: «Օդային հարվածները մեծ ազդեցություն են ունեցել ԻՊ-ի ուժերը թուլացնելու և նրանց առաջխաղացումը դանդաղեցնելու համար, այժմ մենք կարիք ունենք ցամաքային ուժերի»,- նշել է Օբաման:

 

 

Իրենց հերթին քրդական բեշմերգի ուժերը ողջունել են Վաշինգտոնի որոշումը' զինվորականներ ուղարկելու վերաբերյալ: Նրանք նաև ավելացրել են, որ իրենց անհրաժեշտ է զենք:

 

 

ԱՄՆ-ն օգոստոսի սկզբից Իրաքում պայքար է սկսել «Իսլամական պետության» դեմ: Վաշինգտոնին աջակցում են ավելի քան 50 երկրներ: Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում միջազգային դաշինքի ռմբակոծության հետևանքով հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել, մեծ վնաս է հասցվել նրանց զենքերին և տեխնիկային:

 

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: