Սիրիայի իշխանությունները խստորեն քննադատել են թուրքական մեջլիսում մանդատի ընդունումը, որը թուրք զինվորներին թույլ է տալու մեկ տարվա ընթացքում անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդաթը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից սիրիական հողերում կատարելիք ցանկացած գործողություն իրենք ընկալելու են որպես հարձակում:
Նա կոչ է արել ՄԱԿ-ին արտակարգ հավաք կազմակերպել' քննադատելու համար թուրքական մեջլիսի կայացրած որոշումը: Ֆայսալ Միքդաթը մեղադրել է նաև Թուրքիային և Սաուդյան Արաբիային Սիրիա զինյալներ ուղարկելու մեջ:
Հոկտեմբերի 2-ին թուրքական մեջլիսը հավանություն էր տվել կառավարության կողմից ներկայացված մանդատին, որը ենթադրում է սպառնացող վտանգի պարագայում անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում: Այն թույլատրում է նաև օտարերկրյա զինուժի տեղակայումը Թուրքիայի տարածքում: Մանդատն ուժի մեջ է լինելու մեկ տարի: