«Ես չեմ տեսնում որևէ արտառոցություն, քաղաքական աշխատանքի մեջ անհրաժեշտություն կա ժողովրդի հետ մշտական շփում և մշտական շփման համար նաև հնարավորություններ»,- այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն՝ անդրադառնալով Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ստեղծելու՝ ԲՀԿ որոշմանը:
«Ըստ երևույթին, նրանք գտել են, որ նման պակաս ունեն և շատ կարևոր է, որ քաղաքական կուսակցությունը միշտ իր երկխոսությունը ժողովրդի հետ ավելի մոտ ձևաչափն ունենա և, կարծում եմ, որ այստեղ խնդիրն ավելի շատ կապված է նրա հետ, որ ստեղծում են իրենց կառույցները, որոնք աշխատելու են ժողովրդի հետ, դա այն է, ինչ մենք իմանում ենք իրենց հայտարարություններից»,- ասաց Նաղդալյանը:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին ընդդիմադիր կեցվածքով տեսնո՞ւմ է, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Ի՞նչ կապ ունի՝ ես ինչ եմ տեսնում կամ ինչ է տեսնում մեկ ուրիշը, այն դեպքում, երբ կա հստակ հայտարարություն և հստակ դիրքավորում, որ կուսակցությունն ինքն իրեն դիրքավորել է: Հնարավոր է, որ իրենց քայլերի մեջ լինեն ոչ հետևողական, բայց այնուամենայնիվ, իրենք իրենց հայտարարել են որպես այլընտրանք և դրանով նաև իրենց տարբերությունը դիրքավորման մեջ ընդգծել են՝ ընդդիմադիր ուժերի հետ համեմատ»:
Դիտարկմանը, թե իր համար տարօրինակ չէ՞, որ Գագիկ Ծառուկյանը, պահանջներ ներկայացնելով իշխանությանը, շարունակում է մնալ Ազգային անվտանգության խորհրդի կազմում, Հերմինե Նաղդալյանն ասաց. «Քաղաքական համակարգում ներկայացված երկրորդ խոշորագույն կուսակցությունն է, և կարծում եմ՝ սա բավարար հիմք է, որը Հանրապետության նախագահը համարել է անհրաժեշտ, որպեսզի նա անվտանգության խորհրդում անդամակցի»: