Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը Անկարային սպառնացել է Թուրքիան վերածել Սիրիայի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Յուրդ» թերթը, Թուրքիայում քրդական խնդրի լուծման վերաբերյալ կառավարության խոստումները չկատարվելու հետ կապված' Բայըքն ասել է, թե բացահայտ երեւում է, որ Անկարան ցանկություն չունի լուծել քուրդ եւ մյուս ժողովուրդների խնդիրները:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը «նայելով հասարակության աչքերին' սուտ է խոսում»:
«Թուրքիան կրկին աշխատում է օգտվել բանակից: Անկարան միջազգային հանրության շրջանում զրկվել է հեղինակությունից: Անցյալում նրան ծառայող եւ աջակցող երկրներն այլեւս չեն գտնվում նրա կողքը: Անկարան գնալով միայնականում է, իսկ ներքին պատերազմի հավանականությունը մեծանում է: Եթե Թուրքիայի ղեկավարությունը շարունակի նախկին քաղաքականությունը, կառերեսվի կամ Եգիպտոսի նման հեղաշրջման, կամ էլ ներքին պատերազմի հետ: Թուրքիային նոր Իրաք եւ Սիրիա է սպասում», -ասել է PKK-ի զինված թեւի առաջնորդը: