ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն կոչ է արել Արժույթի միջազգային հիմնադրամին՝ դուրս գրել Գվինեայի, Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի պարտքերը, ինչը թույլ կտա աֆրիկյան այդ երկրներին ավելի շատ միջոցներ հատկացնել Էբոլա տենդի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն հանգուցային դեր է խաղացել՝ առաջիններից մեկն օժանդակելով Էբոլայից առավել տուժած երկրներին: Այսօր մենք խնդրում ենք ԱՄՀ-ին ընդլայնել այդ աջակցությունը՝ թեթեւացնելով Սիեռա Լեոնեի, Լիբերիայի եւ Գվինեայի պարտային բեռը»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:
Խոսքը 100 մլն դոլարի մասին է, որը տնօրինում է հիմնադրամը: Այդ միջոցները ԱՄՀ-ն պահում է աղքատ երկրներին օգնելու համար, որոնք տուժել են տարերային աղետներից:
Իրազեկ անանուն աղբյուրները նշում են, որ աֆրիկյան երեք երկրներն ընդհանուր առմամբ ԱՄՀ-ին պարտք են 372 մլն դոլար:
ԱՄՆ-ի առաջարկի ընդունման համար անհրաժեշտ է Հիմնադրամի անդամ բոլոր 187 երկրների համաձայնությունը: Ամերիկյան կողմը պլանավորում է այդ հարցն արծածել G20-ի՝ նոյեմբերի 15-16-ին Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլա տենդից մահացածների ընդհանուր թիվը գերազանցում է 4,8 հազարը: Հիվանդությամբ վարակվել է ավելի քան 13 հազար մարդ: Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: