UWC Դիլիջանի քոլեջը Հայաստանի համար եւս մեկ հնարավորություն է կամուրջներ ստեղծելու այլ ազգերի հետ:
Այս մասին Դիլիջանի քոլեջ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն աշակերտների հետ շրջել է քոլեջի մասնաշենքերով, ծանոթացել նորակառույց դպրոցի պայմաններին' ընթացքում հարցեր ուղղելով նաեւ քոլեջում սովորող աշակերտներին:
«Վստահ եմ, որ բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց լավ են զգում Հայաստանում: Մեր ազգը միշտ եղել է հյուրասեր, եւ ներկայումս էլ մենք ոգեւորությամբ ենք ընդունում տարբեր ազգերի աշակերների: Ես գնահատում եմ այստեղ սովորող յուրաքանչյուրի ժամանակը, քանի որ այն օգտագործվում է գիտելիք ստանալու համար, որը հետագայում կօգտագործվի ի շահ անձի եւ պետության»,- ասաց վարչապետը:
Շրջայցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը զրուցեց քոլեջում սովորող թուրք աշակերտուհու հետ, ով խոստովանեց, որ իրեն հաճելի է գտնվել Հայաստանում, քանի որ շատ նմանություններ է գտել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ: Վարչապետը նրան հորդորեց արդյունավետ օգտագործել ժամանակն ու ստացած գիտելիքները ծառայեցնել ի շահ ազգերի համագործակցության:
Լրագրողների հետ զրույցում UWC Դիլիջանի քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը տեղեկացրեց, որ այժմ քոլեջում սովորում է 96 աշակերտ 50 երկրից: Նա նկատեց, որ ուսանողներին դուր է գալիս գտնվել Դիլիջանում, եւ նրանք արդեն սկսել են համագործակցել քաղաքի երիտասարդների հետ:
«Դպրոցում կրթական պրոցեսն ընթանում է ըստ ծրագրի, եւ մենք աշխատանքներ ենք տանում հարստացնելու քոլեջի գրադարանը: Արդեն իսկ պայմանավորվածություններ ունենք աշխարհի տարբեր հրատարակչությունների հետ, եւ շուտով Հայաստան կբերվի նորատիպ գրքերի խմբաքանակ»,- ասաց Փադըֆութը:
2014թ. հոկտեմբերի 11-ին Դիլիջանում բացվել է UWC Դիլլիջանի քոլեջը, որն աշխարհի Միացյալ քոլեջների կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում: Դպրոցի նախագծին օժանդակություն են ցուցաբերել ավելի քան 200 դոնոր' աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է , որ 2023 թ. Դիլիջանի քոլեջը կհասնի լիակատար բեռնվածության, եւ աշակերտների ընդհանուր թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը'ավելի քան 60: