Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 240-րդ տարեդարձի առթիվ:

 

Շնորհավորական ուղերձում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն դեսպան, դեսպանության աշխատակիցներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:

 

Մենք մեծապես կարևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը, և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Ամերիկյան ժողովուրդը խորապես արժևորում է այս տոնը, քանի որ ոչ միայն նվաճել է իր անկախությունը գաղութատիրական կարգերի դեմ պայքարելով, այլև կիսում է այն արժեքները, որոնք նշված են ԱՄՆ անկախության հռչակագրում: Այդ արժեքները համամարդկային են և կարևոր էին ոչ միայն 240 տարի առաջ, այլ նաև այժմ: Հայ ժողովուրդը ևս իր անկախության հռչակումը սկսել է այդ սկզ բունքներին հավատարմություն հաստատելով: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերած մարդասիրական և տեխնիկական անգնահատելի օժանդակության համար: Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջին երկիրն է, որ դեսպանություն հիմնեց Հայաստանում: Արդեն 25 տարի շարունակվում է հայ-ամերիկյան միջպետական համագործակցությունը: Այսօր մենք ԱՄՆ-ի հետ ունենք համագործակցության հարուստ օրակարգ' երկխոսություն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով, սեր տ համագործակցություն տնտեսության և ժողովրդավարության զարգացման, պաշտպանության և էներգետիկ ոլորտներում: ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը, և մենք լիահույս ենք, որ մեր տնտեսական համագործակցությունը կթևակոխի նոր փուլ: Հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև անգնահատելի ավանդ ունեն մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության հաստատման և ամրապնդման գործում:

 

Հայաստանը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, շարունակական աջակցությունը' ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: ԱՄՆ դիրքորոշումը զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հարցում կարևոր է հակամարտության հետագա սրման բացառման և խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ կառավարության կողմից ներդրվող միջնորդական ջանքերը և ակնկալում, որ դրանք առավելագույնս կնպաստեն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը:

 

Ավարտելով խոսքս՝ կրկին շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին Անկախության օրվա առիթով՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն, իսկ մեր երկու ժողովուրդներին՝ հարատև բարեկամություն»: