Ավստրալիայի գլխավոր գանձապետ (ֆինանսների նախարար) Ջո Հոկին հույս է հայտնել, որ «մեծ քսանյակի»՝ նոյեմբերի 15-16-ին կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները կկարողանան ընդունել գլոբալ տնտեսության աճի խթանման հստակ եւ իրագործելի ծրագիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա լրագրողներ ին հայտարարել է գագաթնաժողովի՝ Բրիսբենում բացված մամուլի կենտրոնում:
Հոկին հայտնել է, որ G20-ի մասնակից երկրները միջոցառման նախապատրաստման շրջանակներում ներկայացրել են «շուրջ հազար կոնկրետ առաջարկություն», որոնց իրագործումը կօգնի առաջիկա հինգ տարիներին հասնել լրացուցիչ 2 տոկոսով տնտեսական աճի արագացման:
Դրա հետ մեկտեղ հիմնական շեշտը կդրվի ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների, հարկերի վճարումից անդրազգային ընկերությունների խուսափելու դեմ պայքարի, համաշխարհային առեւտրի ազատականացման վրա:
Ավստրալիայի գլխավոր գանձապետը նոյեմբերի 14-ին նախագահելու է «քսանյակի» մասնակից երկրների ֆինանսների նախարարների նիստը:
Գագաթնաժողովի բացումը կկայանա նոյեմբերի 15-ին, ընդ որում՝ առավոտյան՝ մինչեւ պաշտոնական արարողության սկսվելը, «քսանյակի» երկրների ղեկավարները կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում, որպեսզի քննարկեն համաշխարհային տնտեսության վիճակը, գոյություն ունեցող ռիսկերը, սպառնալիքները եւ դրանց հաղթահարման հնարավորությունները:
Բրիսբենի գագաթնաժողովին, բացի 19 անդամ երկրներից, որոնց ընդհանուր առմամբ բաժին Է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 80 տոկոսը, հրավիրված են նաեւ Իսպանիան, Մավրիտանիան, Մյանման, Նոր Զելանդիան, Սենեգալը, Սինգապուրը եւ միջազգային հանգուցային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ըստ կազմակերպիչների տվյալների՝ Բրիսբենի գագաթնաժողովին պաշտոնական պատվիրակությունների կազմում կժամանի շուրջ 5,3 հազար մարդ, իսկ նրա աշխատանքը կլուսաբանի մոտավորապես 2,3 հազար լրագրող:
Բրիսբենը Ավստրալիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն Է (այնտեղ ապրում Է շուրջ 2,2 մլն մարդ) եւ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Քվինսլենդի նահանգի մայրաքաղաքը:
«Քսանյակի» կազմի մեջ մտնում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: