Չինաստանի ազգային բանկի տոկոսադրույքների նվազեցման տեղեկատվության ֆոնին նաֆթի համաշխարհային գներն օգոստոսի 25-ին աճի միտում են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մեկ բարել Brent տեսակի նաֆթի գինն աճել է 1,98 տոկոսով' հասնելով 43,53 դոլարի, իսկ մեկ բարել WTI տեսակի նաֆթը թանկացել է 3,22 տոկոսով' հասնելով 39,48 դոլարի:

 

Չինաստանի ֆինանսական կարգավորող մարմինն այսօր տեղեկացրել է 0,25 տոկոսային կետով դեպոզիտների և վարկերի տոկոսադրույքների նվազեցման մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 26-ին, իսկ վարկային տոկոսը կկազմի 4,6 տոկոս: Բանկը սեպտեմբերի 6-ից նաև 0,5 տոկոսով բանկերի համար կնվազեցնի պահուստների նորմերը:

 

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Schneider Electric-ի վերլուծաբան Մեթ Սմիթը նշել է, որ կարգավորիչ մարմնի որոշումը թույլ է տվել շուկային վերադառնալ աճի: Չինական տնտեսության աճի դանդաղումը հատկապես կարևոր տեղեկություն էր նաֆթային շուկաների համար, քանի որ երկիրը «սև ոսկու» օգտագործման ոլորտում աշխարհում երկրորդ պետությունն է:

 

«Այն ամենն, ինչ անում է չինական կառավարությունը, դիտարկվում է որպես շուկային օգնություն: Միևնույն ժամանակ, շուկաների համար գլխավոր թեման մնում է կայուն պահանջարկը: Գները պետք է երկարաժամկետ հատվածում ցածր մնան, որպեսզի շուկաները վստահ լինեն, որ առաջարկները շարունակում են ազդեցություն ունենալ իրենց վրա»,- հայտարարել է Energy Aspects թերթի վերլուծաբան Ամրիտա Սենը: