Ադրբեջանում արագորեն աճում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Դրանք արդեն մեկ երրորդով թանկացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, Ադրբեջանի պարենային ապրանքներ արտադրող ամենախոշոր «Ազերսուն» հոլդինգը օգոստոսի 18-ից 15-ից 35 տոկոսով բարձրացրել է երկրի խանութներ մատակարարվող ապրանքների գները:
«Ազերսուն» հոլդինգն իր մեջ ներառում է “Bizim sՖfrə”, “Azərduz”, “Pasha”, “Super Sun”, “Bostan”, “Berqa”, “Aura”, “Bizim tarla”, “Sun”, “MՓcՖzə”, “Teksun”, “Saville” եւ այլ առեւտրային ընկերություններ:
Իր արտադրանքը 35 տոկոսով բարձրացրել է «Prokter & Gembl Azərbaycan Servisləriե ընկերությունը, որին Ադրբեջանում պատկանում են Oral-B Pro-flex, Ariel, Duracell, Blend-a-med, Pampers առեւտրային ապրանքանիշերը:
15 տոկոսով թանկացել է նաեւ Milla կաթի ընկերության արտադրանքը: Ադրբեջանում Tanelli, Doymak, Laferella մակարոնեղենի արտադրանքի գներն աճել են 15-25 տոկոսով: 20 տոկոսով աճել է նաեւ Seba խոշորագույն ընկերության բրոյլերային հավամսի գները:
Փորձագետների կարծիքով' Ադրբեջանում բոլոր տեսակի ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում' սննդամթերքի գների աճը պայմանավորված է նավթի համաշխարհային գների նվազման հետ կապված ադրբեջանական մանաթի փետրվարին 35 տոկոսով արժեզրկման հետ, որի հետագա արժեզրկումն այդ երկրի կենտրոնական բանկը կանխում է արտարժույթի փոխարժեքն արհեստականորեն կայուն պահելու միջոցով: