Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել է, որ Ադրբեջանում արագորեն աճում է մարմնավաճառ կանանց թիվը, ինչը բացատրվում է այն բանով, որ Ադրբեջանում կանանց բարոյական անկման գործընթաց է տեղի ունենում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:

 

Նրա խոսքով' Ադրբեջանում մեծացել է անկանոն կյանք վարող, ոգելից խմիչքներ օգտագործող եւ մարմնավաճառությամբ զբաղվող կանանց թիվը, ինչը լուրջ պատճառներ ունի:

 

«Ոգելից խմիչքների նկատմամբ կանանց հակվածությունը բարոյական անկում է նշանակում, եւ ներկայում հենց այդ գործընթացն է տեղի ունենում երկրում, ծաղկում է պոռնկությունը», -ասել է պատգամավորը' նշելով, որ Ադրբեջանում ամենուր, սկսած հյուրանոցներից, լայնորեն տարածված է մարմնավաճառությունը:

 

Ըստ նրա' Ադրբեջանում, հատկապես' Բաքվում մեծացել է հարբած վիճակում ավտոմեքենա վարող եւ ճանապարհներին խելքներին փչած ամեն ինչ անող կանանց թիվը եւս, որոնց նման վիճակի հասցնում են նրանց հետ ապօրինի կապեր ունեցող, ունեւոր «հովանավոր» պաշտոնյաները:

 

ԱՄՆ պետքարտուղարության կողմից Ադրբեջանը դասվել է այն երկրների շարքը, որտեղ թրաֆիքինգի առավել ծանր տեսակների զոհերի բացարձակ թվաքանակը շատ մեծ է կամ զգալիորեն աճում է: Ընդ որում, ըստ ԱՄՆ պետքարտուղարության թրաֆիքինգի գծով զեկույցի' Ադրբեջանը հանդիսանում է ոչ միայն մարդկանց առեւտրի զոհերի տարանցման, այլ նաեւ նրանց շահագործման կենտրոն: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացի կանայք եւ երեխաներ սեռական շահագործման են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում եւ Իրանում:

 

Ադրբեջանական «Զերկալո» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում մարմանավաճառությամբ սկսում են զբաղվել 15-18 տարեկանից: