Ադրբեջանում լեռնցի հրեաների միջազգային բարեգործական հիմնադրամի բաժանմունքի ղեկավար Սեմյոն Իխիիլովը կազմակերպության ազգագրական ծրագրի շրջանակում հանրապետության շրջաններ կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում բնակվող հրեաների թիվն արագորեն նվազում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Իխիիլովն այցելել է Ադրբեջանի հարավային' Լենքորանի, Մասալլըի, Ջալիլաբադի եւ Լերիքի, կենտրոնական' Շամախիի եւ հյուսիսային' Օղուզի ու Գուբայի շրջաններ, որտեղ ավանդաբար բնակվել են հրեաները:
«Ադրբեջանի հարավում նախկինում բնակվում էին մի քանի հրեական համայնքներ, սակայն ներկայում Մասալլըում եւ Լերիքում ոչ մի հրեա չի մնացել, իսկ Լենքորանում բնակվում են ընդամենը երեք տարեց հրեաներ», -ցավով հայտնել է նա Հրեական նորությունների գործակալությանը:
Ջալիլաբադ քաղաքից ոչ հեռու գտնվող Պրիվոլնոյե գյուղում նախկինում բնակվում էր սուբբոտնիկների մեծ համայնք (նրանց անվանում էին գերաներ)' էթնիկ ռուսներ, որոնք հուդայականություն էին դավանում:
«Այժմ Պրիվոլնոյե գյուղում մնացել են ընդամենը 6 սուբբոտնիկներ: Դրանք ամբողջ կյանքում Պրիվոլնոյում բնակված տարեց մարդիկ են: Զառամյալ հասակը եւ այլ խնդիրներ նկատելիորեն բարդացրել են այդ մարդկանց կյանքը, որոնք հետեւում են սուրբ Թորայի պատվիրաններին: Տխուր տպավորություն է թողել նաեւ Շամախին. այստեղ հրեական համայնքը կազմված է ընդամենը մեկ մարդուց: Օղուզում մնացել են 70 տարեց հրեաներ», -նշել է Իխիիլովը: